«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը մեկնաբանել է մանկունիացիների նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի խոսքերը: Անգլիացին գոհ չէր մնացել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից՝ «Յանգ Բոյզի» դեմ խաղում փոխարինվելուց հետո:
Պորտուգալացին փոխարինվելուց հետո կանգնել էր Սուլշերի կողքին ու ցուցումներ էր տալիս թիմակիցներին: Ֆերդինանդը հայտարարել է, որ եթե լիներ մարզչի փոխարեն, ապա Ռոնալդուին կխնդրեր նստել պահեստայինների նստարանին.
«Ռիոն երբեմն մեկնաբանություններ է անում որոշ բաների մասին, որոնց վերաբերյալ շատ բան չգիտի: Մարտինս Պերեյրան կոպիտ խաղաց Նեմանյա Մատիչի նկատմամբ ու պետք է դեղին քարտ ստանար: Թե՛ Բրունուն, թե ՛ Կրիշտիանուն շատ տարված էին խաղով ու վեր թռնելով իրենց տեղերից՝ հայտնվեցին իմ կողքին: Նրանք այնտեղ քիչ ժամանակ անցկացրին ու ինչ-որ բաներ էին ասում մրցավարին: Բայց մրցավարը շարունակեց ավանդույթը՝ մեր դեմ մի քանի վատ որոշում կայացվեց: Հետո Կրիշտիանուն և Բրունուն նստեցին:
Մենք գիտենք, որ տեխնիկական գոտում կարող է միայն մեկ մարդ գտնվել: Դա կամ ես եմ, կա՛մ Մայքլ Կերիկը, կա՛մ Մայք Ֆելանը, կա՛մ Կիրան Մաքքենան:
Նրանք կանգնեցին պահի ազդեցության տակ: «Յանգ Բոյզի» խաղացողը պետք է հեռացվեր: Ինձ համար խնդիր չէ, որ նրանք էմոցիոնալ գործեցին ու հետո նորից նստեցին իրենց տեղերը: Ռոնալդուն իր խաղընկերներին ցուցումներ չէր անում»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Goal-ը: