Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կարիերան կարող էր շարունակել ղազախական «Կիզիլ-Ժար» թիմում, որն այս տարի է Առաջին լիգայից վերադարձել ՂՊԼ, սակայն տեղափոխությունն այդպես էլ չի կայացել:
Այս մասին հայտնում է Sports.kz-ը:
«Հիմա ես տանն եմ` Կրասնոդարում: «Կիզիլ-Ժարի» թեման փակված է: Այլ ղազախական թիմերի հետ կապված այս ձմեռ տարբերակ չունեմ»,- Sports.kz-ի հետ զրույցում պատմել է անձամբ ֆուտբոլիստը:

Ըստ լուրերի, Բեգլարյանը չի տպավորել ակումբի մարզչական շտաբին, որը շարունակում է դարպասապահի փնտրտուքը: Արսենը ղազախական թիմի կազմում մասնակցել է թուրքմենական «Ախալ» ակումբի հետ ընկերական խաղին (1:0):
26-ամյա Արսեն Բեգլարյանը ծնվել է Կրասնոդարում, հանդիսանում է Սարատովի «Սոկովի», «Կուբանի» և «Կրասնոդարի» սան: Խաղացել է «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում, իսկ Հայաստանում հանդես է եկել «Գանձասար», «Շիրակ», «Ուլիս», «Միկա», «Ալաշկերտ» ակումբներում, ինչպես նաև բելառուսական «Դնեպրի» կազմում: Մոգիլև քաղաքը ներկայացնող թիմի կազմում Բելառուսի առաջնության 9 հանդիպման է մասնակցել և բաց է թողել 13 գնդակ:
Արսեն Բեգլարյանը նաև 14 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Transfermarkt-ն այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերը 150 հազար եվրո է գնահատում: