Այսօր՝ հունվարի 21-ին նախապատրաստական փուլի ընթացքում «Դիլիջանն» առաջին հանդիպումն անցկացրեց:
«Ուրարտու-2»-ի դեմ ընկերական խաղի (2:6) մեկնարկային կազմում 9 լեգիոներներ կային, որոնք բոլորն էլ փորձաշրջան են անցնում թիմում: Նրանցից մեկը՝ Բոգդան Ռիբեցը դուբլի հեղինակ է դարձել: ArmSport-ին հայտնի է դարձել, որ փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Մոլդովայից են: Նրանց մնալ-չմնալու հարցում հստակություն է լինելու փետրվարի սկզբին:
Մեկնարկային կազմում էին 2 հայ ֆուտբոլիստներ՝ Հակոբ Դոքմանյանը և Ռևիկ Եղիազարյանը, ով հեռացել է «Սևանից»:
«Դիլիջանի» գործողությունները ղեկավարում էր Հայկազ Վիրաբյանը, ով Առաջին խմբի առաջնության մեկնարկից թիմի ղեկին է:
«Դիլիջան» ֆուտբոլային ակումբի ելույթները կազմավորումից ի վեր չեն գոհացնում: Հայաստանում նորաստեղծ ակումբները ծանր փորձությունների միջով են անցնում, որոշներն էլ պարզապես չեն դիմանում:
Նախորդ տարի Հայաստան ժամանած անգլիացի ֆուտբոլասեր Ուիլ Թոմսոնը տարեվերջին հրաժարվեց ակումբից, որն ունեցավ նոր ղեկավարներ: Թոմսոնը «ֆուտբոլային ռոմանտիկ» էր, ով կարծում էր, թե «Դիլիջանը» մեկ տարում դառնալու է իր սիրելի «Քրիստալ Փելասի» նման թիմ…
«Դիլիջանը» տնային հանդիպումներն անցկացնում էր Դիլիջանի UWC միջազգային քոլեջում, ինչը մի շարք բարդություններ էր առաջացնում հաստկապես հյուր թիմերի համար՝ կապված անցագրերի և իրերը համալիրի տարածք անցկացնելու հետ:
Մրցաշրջանի առաջին հատվածից հետո ակումբն ունեցավ նոր ղեկավարություն: Առաջին որոշումը տնային մարզադաշտը փոխելն էր: Տոներից հետո «Դիլիջանը» մարզումներն անցկացնում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում:
Ավելի վաղ «Դիլիջանից» հեռացել էին 10 ֆուտբոլիստներ՝ Սեմյոն Մուրադյանը, Դավիթ Մարկոսյանը, Մկրտիչ Չոբանյանը, Էդուարդ Մելքոնյանը, Կաու Էդուարդո Գոգենհանը, Գարո Էդուարդ Բալյանը, Ալդո Սալազար Գուերայը, Մահան Շահարխիզ Արաբանին, Վագներ Գդիկիանը: Այդ ցանկում նշված էր նաև Ուիլ Թոմսոնի անունը, ով ակումբի նախագահը լինելուց բացի նաև խաղում էր թիմում:

Հունվարի 24-ին «Դիլիջանն» ընկերական հանդիպում է անցկացնելու «Արարատ-2»-ի հետ, հունվարի 27-ին՝ «Տորպեդոյի», 31-ին՝ «Նոայի»:
Առաջին խմբի 1-ին հատվածից հետո «Դիլիջանը» 7 միավորով 17 թիմերի պայքարում 15-րդ հորիզոնականում է:
Արման Առաքելյան