Vbet Հայաստանի Պրեմիեր լիգան ընդամենը երկու տուր հետո (որոշ թիմեր ունեն նաև հետաձգված խաղեր) կունենա նոր չեմպիոն։ Այսօր՝ մայիսի 19-ին, կմեկնարկի առաջնության 24-րդ տուրը։
Խաղային առաջին օրը կկայանա 3 հանդիպում․
«Արարատ-Արմենիա»-«Արարատ»
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում նախավերջին տուրում կկայանա Արարատյան դերբի։ Մրցաշրջանի նախորդ դուելում «Արարատ-Արմենիան» 4-2 հաշվով հաղթանակի էր հասել, և սա Վարդան Բիչախչյանի սաների համար ռևանշի հասնելու լավ հնարավորություն է։ Թեև «Արարատը», երկրի գավաթակիր դառնալով, արդեն լուծել է եվրագավաթներին մասնակցելու նվազագույն խնդիրը, բայց չեմպիոնության բերկրանքը զգալու հնարավորությունը կարող է լրացուցիչ մոտիվացիա դառնալ թիմի համար։
Այս խաղին լրացուցիչ հետաքրքրություն կհաղորդի երկու թիմերի՝ հիանալի մարզավիճակում գտնվող աֆրիկացի ֆուտբոլիստների դիմակայությունը․ Յուսուֆ Օտուբանջոն բավականին արդյունավետ է գործում «Արարատ-Արմենիայի» վերջին խաղերին և 10 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը, իսկ Մորի Կոնեի բենեֆիսին ականատես եղանք Գավաթի եզրափակչում։
Հանդիպումը կմեկնարկի 15։30-ին։
«Վան»-«Ալաշկերտ»
Ի տարբերություն «Արարատի», որը հաղթանակի ոգևորությամբ է մոտենում այս տուրին՝ «Ալաշկերտը» Գավաթի խաղարկության եզրափակչում պարտվելուց հետո պիտի փորձի կառչել առաջնությունից։ Իսկ «Վանը» կորցրել է լավագույն քառյակում հայտնվելու շանսերն ու մրցաշարային խնդիրներ չունի լուծելու։ Սա լավ շանս է «Ալաշկերտի» համար, որը հավասար միավորներ ունի 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիայի» հետ, մրցանակային տեղի համար պայքարելու համար։
Հանդիպումը կմեկնարկի 15։30-ին։
«Ուրարտու»-«Նոա»
Խաղային օրվա վերջին խաղում մրցաշարային աղյուսակի առաջատարը կհյուրընկալվի «Ուրարտուին»։
«Նոային» այս խաղում պարտադիր հաղթանակ է պետք, որովհետև ի տարբերություն մրցակիցների՝ առաջատարն ընդամենը երկու խաղ ունի անցկացնելու և պիտի առավելագույն 6 միավոր ձեռք բերի վերջին տուրերում։
«Ուրարտուն» դեռևս պահպանում է լավագույն քառյակում հայտնվելու շանսերն ու ամեն գնով պիտի փորձի հաղթանակի հասնել ինչպես այս, այնպես էլ հաջորդ երկու խաղերում։
Հանդիպումը կմեկնարկի 19։30-ին։
«Շիրակ»-«Փյունիկ»
Խաղային երկրորդ օրը՝ մայիսի 20-ին, կկայանա 24-րդ տուրի վերջին խաղը։ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կհանդիպեն մրցաշարային աղյուսակի հետնապահները։ Խաղ, որը մրցաշարային տեսանկյունից ոչ մի հարց չի լուծելու և թիմերն ուղղակի պիտի փորձեն լավ նոտայով ավարտել այս մրցաշրջանը։
Հանդիպումը կմեկնարկի 15։30-ին։
Ստելլա Բաբլոյան