Դարպասապահ Յան Օբլակը կարող է հեռանալ «Աթլետիկոյից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ մասին հայտնում է ESPN-ը։
28-ամյա դարպասապահը ցանկանում է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում, իսկ նրա ներկայացուցիչներն աշխատում են լավագույն 6 ակումբներից մեկը տեղափոխություն կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղորդագրություն է ստացել սլովենացու` անգլիական ակումբ տեղափոխվելու պատրաստակամության մասին:
Եթե Օբլակը հեռանա «Աթլետիկոյից», հավանական է, որ Դավիդ Դե Խեան, որն այժմ խաղում է «Յունայթեդում», կվերադառնա մադրիդյան ակումբ: Իսպանացի դարպասապահը մտադիր է մրցաշրջանի ավարտին բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի ու մարզական տնօրեն Ջոն Մերտոյի հետ, ապա վերջնական որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ:
Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է ևս երկու տարի, ըստ այս պայմանագրի, դարպասապահը շաբաթական վաստակում է 375 հազար ֆունտ ստեռլինգ: Իսպանացին դժվար թե համաձայնի պահեստային դարպասապահ դառնալ, բայց գտնել ակումբ, որը պատրաստ կլինի վճարել նրան այդպիսի գումար, ևս դժվար է:
Ավելի վաղ հաղորդվել էր «Յունայթեդի»` Օբլակի նկատմամբ հետաքրքրության մասին: Անգլիայի մյուս թոփ ակումբների դիրքորոշումն այս հարցում անհայտ է: Բրազիլացի Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիի» անվիճելի թիվ մեկն է, և Ալիսոնի տեղը «Լիվերպուլի» դարպասին նույնպես կասկածի տեղիք չի տալիս: Վերջերս «Չելսին» ձեռք բերեց Էդուարդ Մենդիին, ով Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում շատ վստահ է խաղում։
«Արսենալի» ու «Տոտենհեմի» համար դժվար կլինի կազմակերպել նման խոշոր գործարք, քանի որ Օբլակի պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ նախատեսում է 120 միլիոն եվրոյի փոխհատուցում: Անցած տարվա ֆինանսական դժվարությունները կարող են մադրիդյան ակումբին ստիպել համաձայնվել դարպասապահի վաճառքին ավելի ցածր գումարով:
Այս մրցաշրջանում Օբլակը Լա Լիգայում «Աթլետիկոյի» կազմում անցկացրել է 34 խաղ։