2020-ի ամռանը մարզասերների ուշադրությունը կսևեռվի Տոկիո, որտեղ կկայանան 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Կազմակերպիչների խոսքով, առաջիկա Խաղերը կդառնան ամենանորարարականը խաղերի ողջ պատմության մեջ:
ArmSport-ը կայքում այսուհետ առանձին ենթաբաժին կունենա` նվիրված Տոկիո-2020-ին, որտեղ տեղ կգտնեն ամառային Օլիմպիական խաղերի վերաբերյալ ամենաուշագրավ և ամենաթարմ նորությունները:

Հիշեցնենք` Տոկիո-2020-ում կխաղարկվի մեդալների 339 հավաքածու` 33 մարզաձևում: Օլիմպիական խաղերի ծրագրում 5 նոր մարզաձև է ընդգրկվել` կարատե, սերֆինգ, բեյսբոլ, մարզական ժայռամագլցում և սքեյթբորդինգ:
11090 մարզիկներ ՄՕԿ անդամ 206 երկրներից կպայքարեն մեդալների համար: Մարզիկների 49%-ը կանայք են, ինչը Տոկիո-2020-ն ավելի հավասարակշռված է դարձնում գենդերային առումով:
Հայաստանն այս պահի դրությամբ Օլիմպիական խաղերի դեռևս երեք ուղեգիր ունի:
Հայաստանի համար 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր են ապահովել Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), ինչպես նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որն անհատական ուղեգիր է նվաճել ու Օլիմպիական խաղերում կլինի Հայաստանի միակ ներկայացուցիչը մարմնամարզությունում: