ՈՒԵՖԱ-ի բոլոր 55 ասոցիացիաները համաձայն են Չեմպիոնների լիգայի անցկացման նոր ձևաչափի հետ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Բայց Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխման վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել ապրիլից ոչ շուտ:
Նոր ձևաչափի համաձայն թիմերը չեն բաժանվի խմբերի, իսկ մրցաշարը կանցկացվի շվեյցարական կարգով: Ակումբները նվազագույնը 10 խաղ կանցկացնեն տարբեր մրցակիցների դեմ (5-ը տանը, 5-ը՝ մրցակցի հարկի տակ): Չի բացառվում, որ հիմնական փուլի մասնակիցների թիվը 32-ից կհասնի 36-ի: 1/8 եզրափակչում կհայտնվեն հիմնական փուլի 8 լավագույն թիմերը, ևս 8 տեղ կխաղարկեն այն ակումբները, որոնք կզբաղեցնեն 9-ից 24-րդ տեղերը:
ՈՒԵՖԱ-ն նոր ՉԼ-ն նախատեսում է որպես 9 տարվա ծրագիր, որը կմեկնարկի 2024 թվականին և կտևի նվազագույնը մինչև 2033 թվականը: ՉԼ-ում բարեփոխումներին կարող են զոհ դառնալ ազգային առաջնությունները, որտեղ մասնակիցների թիվը կարող է կրճատվել 16-ի կամ 18-ի: