Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո ArmSport.am-ը գրեթե ավարտում է հայկական թիմերին անդրադարձը: ԲԽ-ի նախավերջին անդրադարձը նախավերջին հորիզոնականը զբաղեցնող «Գանձասար-Կապանի» մասին է:
«Գանձասար-Կապան». 15 հանդիպում, 3 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 7 պարտություն
«Գանձասար-Կապանի» արդյունքները գոհացնող չեն, որի համար կան օբյեկտիվ պատճառներ: Չնայած այդ հանգամանքին՝ հարկ է ընդգծել, որ «Գանձասարը» «ամուր ընկույզ» է Հայաստանում ցանկացած մրցակցի համար:
Գավաթի խաղարկությունում էլ փայլուն ելույթները վկայում են այդ մասին:
Աշոտ Բարսեղյանն ու Արմեն Պետրոսյանը
«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Արմեն Պետրոսյանը, որոշիչ է նաև Աշոտ Բարսեղյանի դերը:
Պետրոսյանն արդեն իսկ ապացուցել է, որ ամենահեռանկարային հայ մասնագետներից է: Նա իրապես կարողանում է մոտիվացնել թիմին և գրեթե մշտապես տեսնում ենք «կռվող» «Գանձասար-Կապան»:

Կազմը
«Գանձասար-Կապանի» կազմը խիստ հայկական է: Տոն տվող ֆուտբոլիստները հայերն են՝ Գևորգ Նռանյան, Գեղամ Հարությունյան, Համլետ Ասոյան, Դավիթ Մինասյան, Վասպուրակ Մինասյան, Արման Հովհաննիսյան, Էմիլ Եղիազարյան, Անդրանիկ Քոչարյան, Արթուր Գրիգորյան, Նարեկ Ասլանյան, Դավիթ Տերտերյան:

Ուրույն մրցակցություն կա դարպասապահներ Գրիգոր Մելիքսեթյանի և Գևորգ Կասպարովի միջև: Գևորգը 8 հանդիպման է մասնակցել, Գրիգորը՝ 7:
Սպասումները մեծ են Հակոբ Համբարձումյանից. ով վիրահատվել է և մրցաշրջանի երկրորդ կեսից կվերադառնա խաղադաշտ:
Թիմից արդեն իսկ հեռացել են 5 ֆուտբոլիստներ՝ Գևորգ Օհանյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, Վարդան Արզոյանը, Գագիկ Մաղաքյանը և Ստեֆան Ադջումանին:
Երկարաձգվել են Գեղամ Հարությունյանի,Նարեկ Ասլանյանի, Դավիթ Մինասյանի, Աշոտ Ադամյանի և Համլետ Ասոյանի հետ պայմանագրերը:
Թիմի լեգիոներները առաջատարներից են՝ Անգուլո Վբեյմարը, Աննան Մենսահը, նաև Աբդուլ Զոկոն:
Հայաստանի Գավաթ
«Գանձասար-Կապանը» փայլուն է հանդես գալիս Գավաթի ընթացիկ խաղարկությունում: 2017-18 թ. մրցաշրջանի Հայաստանի գավաթակիրը կիսաեզրափակչում է:
1/8 եզրափակում «Գանձասարը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց գործող գավաթակիր «Ալաշկերտին»՝ հաղթելով 3:1 հաշվով:

Հարկ է ընդգծել, որ «Գանձասար-Կապանը» Գավաթի ընթացիկ խաղարկության ֆավորիտներից մեկն է:
Ուշադրությունը՝ դեպի Գավաթ
«Գանձասար-Կապանն» արդեն իսկ չի կարող տեղ զբաղեցնել լավագույն վեցնյակում, քանի որ 6-րդ տեղում գտնվող «Նոային» զիջում է 10 միավոր:
«Փյունիկի», «Ալաշկերտի» և «Երևանի» հետ վերջին հանդիպումները կլինեն մրցաշարային աղյուսակում 7-8 տեղերը գրավելու փորձություններ, որին «Գանձասար-Կապանն» իրապես հավակնում է: «Փյունիկին» և «Ալաշկերտին» լուրջ փորձություն է սպասվում:
«Գանձասար-Կապանը» 2020 թվականին հիմնական ուժերն ուղղելու է Գավաթի խաղարկությունը հաղթելու համար: Այստեղ ամեն ինչ հետաքրքիր է լինելու:
Շարքի նախորդ մասերը
«Լոռի»
«Արարատ-Արմենիա»
«Ալաշկերտ»
«Արարատ»
«Շիրակ»
«Նոա»
«Փյունիկ»
«Ուրարտու»