«Ստրանջայի մրցաշարի կազմը մեծամասամբ ընտրվել է ՀՀ առաջնության արդյունքներով: Սպասելիքներ կան, որոնք պետք է տղաներն արդարացնեն»,-այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը՝ խոսելով օրեր անց Սոֆիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարի նախապատրաստության մասին:
Հավաքականի մարզչի խոսքով չնայած երկար դադարին, բռնցքամարտիկները պատրաստ են իրենց լավագույնս դրսևորել Սոֆիայի ռինգում. «Թիմի մարզավիճակը կգնահատեմ բավարար: Չնայած պանդեմիայից հետո դժվարություններ եղան, բայց դրանից հետո բռնցքամարտիկներն ուժ գտան իրենց մեջ, և կարող եմ ասել, որ հիմա պատրաստ են մրցաշարին մասնակցելուն»,-ասաց Ադիլխանյանը:
Սպասելիքների մասին գլխավոր մարզիչը նշում է. «Չեմ ուզում առաջ ընկնել ու ասել՝ քանի մեդալ կնվաճենք: Ամեն ինչ ռինգը ցույց կտա»:
Տարվա առաջին ստուգատեսին չի մասնակցի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:
«Բաչկովն այս մրցաշարին չի մասնակցի, քանի որ ամսվա վերջ պրոֆեսիոնալ մենամարտ ունի անցկացնելու: Հաջորդ մրցաշարին արդեն կլինի թիմի հետ: Ստրանջայի մրցաշարից հետո կսպասենք ԱԻԲԱ-ի նշանակած մրցումներին և ըստ այդմ պարզ կլինի հետագա անելիքները»,-եզրափակեց Ադիլխանյանը:
Հիշեցնենք, որ Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Ստրանջայի 72-րդ հեղինակավոր մրցաշարին Հայաստանի հավաքականը կներկայանա 10 մարզիկով: Մրցավայր կմեկնեն 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկների մրցաշարում հանդես կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը: