«Սեպտեմբերի 27-ի առավոտյան պիտի գայինք խաղի, խաղն ամսի 29-ին էր նախատեսված, բայց կռիվը սկսվեց, ու ամեն ինչ փոխվեց»,- ArmSport-ի հետ զրույցում պատմում է «Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը՝ հավելելով, որ այդ օրը մարզադաշտի փոխարեն՝ տղաները մարտի դաշտ մեկնեցին․ «Բացի թիմի լեգիոներներից, բոլորը պատերազմի օրերին առաջնագծում էին»։
Հիմա բոլոր տղաները թիմում են․ «Փառք Աստծո, բոլորը վերադարձել են, փառք Աստծո, ոչ մեկ վիրավորում չի ստացել»,- ասում է մարզիչը, որը մասնագիտությամբ նաև սպորտային հոգեբան է ու կռվի դաշտից վերադարձած տղաներին ծանր հոգեվիճակից հենց ինքն է փորձում դուրս բերել․
«Նրանց մոտիվացնելը դժվար է, քանի որ մտքերով ուրիշ տեղ են, պարզ է, որ ժամանակ է պետք։ Բայց քանի որ պետք է խաղանք, այդպես է որոշվել, ինչը ճիշտ էր, գոնե մեր ելույթներով փորձենք ժողովրդի մոտ միտք առաջացնել, որ կյանքը շարունակվում է։ Այդպես իրենց տրամադրում էի, ասում էի՝
«Տղե՛րք ջան, ամեն ինչ առջևում է, պետք է մեր վերաբերմունքով, մեր խաղով ապացուցենք, որ Արցախը կա, Արցախը պայքարում է, Արցախը շարունակելու է զարգանալ»։
Թեև տղաների ֆիզպատրաստվածությունն ու հոգեբանական վիճակը լավ չէ, մարզիչը նրանց ցուցադրած խաղից գոհ է․
«Պատերազմից տղաները վերադարձել են ու միանգամից անցել ֆուտբոլին․ մեկ մարզում ենք անցկացրել, ապա՝ երկու խաղ։ Առաջինը, ճիշտ է, պարտվեցինք, բայց բարձր մակարդակով խաղացին, շատ նվիրված էին։ Երկրորդ խաղում ևս բնավորություն ու նվիրվածություն ցույց տվեցին, ու հաղթեցինք։ Երկրորդ խաղը փաստորեն հաղթեցինք, ու սա Ղարաբաղի վերջին երկու ամսվա առաջին հաղթանակն էր»։
Հիմա արցախյան թիմը մարզվում է Էջմիածին քաղաքում։ Սակայն, մարզչի խոսքով՝ Ստեփանակերտի մարզադաշտը չի վնասվել, ռումբ չի ընկել, միայն նստարաններն են մի քիչ վառվել։
Ասում է․ «Առաջնությունը վերջանա, հանգստանանք ու, իհարկե, վերադառնալու ենք, հունվարից մարզվենք Ստեփանակերտում»։
Մարզիչն ասում է, որ թիմի հայ ֆուտբոլիստները Ստեփանակերտից են, միայն Վադիմ Հայրիյանն էր Շուշիից․ «Հիմա պիտի ստիպված տեղափոխվի»…
Ստելլա Բաբլոյան