«Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպում է ունեցել Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Անդերսոնի հետ, հաղորդում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Իբրահիմովիչի՝ հավանական վերադարձը Շվեդիայի ազգային հավաքական։
«Երբ Զլատանը հայտարարեց հավաքականում դարձյալ խաղալու պատրաստակամության մասին, իհարկե կարևոր էր հանդիպել ու քննարկել դա նրա հետ։ Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք կազմակերպել այդ հանդիպումը այսքան շուտ։ Հանդիպումն անցավ լավ մթնոլորտում, ու մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը»,-մեկնաբանել է Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականում նորամուտը նշել է 2001 թվականի հունվարի 31-ին Ֆարերների դեմ ընկերական խաղում (0-0)։ Հավաքականում անցկացրած 109 խաղերում նա 61 գոլ է խփել ու 17 գոլային փոխանցում կատարել։ 2016 թվականի հունիսի 22-ին Իբրահիմովիչը Բելգիայի հավաքականի դեմ խաղում (0-1) անցկացրել է Շվեդիայի հավաքականում իր վերջին հանդիպումը։