Անգլիայի հավաքականի նախկին ավագ, ԱՊԼ լավագույն ռմբարկու (260 գոլ) Ալան Շիրերը կցանկանար, որ «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, որը խաղաժամանակ չի ստանում Մադրիդում, վերադառնար ԱՊԼ, որտեղ նա ավելի վաղ հանդես է եկել «Տոտենհեմի» ու «Սաութհեմփթոնի» կազմերում:
«Ամոթ եմ համարում այն, որ նման տաղանդավոր խաղացողը ամեն հանգստյան օր նստում է պահեստայինների նստարանին կամ տրիբունայում: Նա ֆանտաստիկ խաղացող է, նա դեռ թիմին առաջարկելու բան ունի, նույնիսկ, եթե այլ առաջնությունում հանդես գա:
Անկասկած, նա դեռ կարող է խաղալ Պրեմիեր լիգայում: Գիտեմ, որ որոշ ակումբներ անհանգստանում են նրա վնասվածքների պատճառով: ԱՊԼ ակումբները ֆինանսապես կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել նրան:
Նրա հնարավորություններն ունեցող խաղացողները չպետք է իզուր նստեն պահեստայինների նստարանին, նրանց հնարավորությունները պետք է ցուցադրվեն խաղադաշտում յուրաքանչյուր շաբաթ: Հույս ունեմ, որ ապագայում նա կարող է վերադառնալ խաղալուն, ու հուսով եմ, որ դա տեղի կունենա Պրեմիեր լիգայում»,- Շիրերի խոսքերն է փոխանցում Coral-ը: