Լա Լիգան պարզաբանել է Լիոնել Մեսսիի ու «Բարսելոնայի» միջև պայմանագրի վիճահարույց կետերը:
Վերջին օրերին ԶԼՄ-ները հակասական տեղեկություններ էին հրապարակել հարձակվողի ապագայի վերաբերյալ, բայց բոլորը միահամուռ նշում էին` արգենտինացին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»:
Կոնֆլիկտի պատճառը պայմանագրի կետերից մեկում է, ըստ որի՝ Մեսսիին թույլատրվում է միակողմանիորեն խզել պայմանագիրը մրցաշրջանների ավարտին: «Բարսելոնան», սակայն, պնդում է, որ այս տարբերակի ժամկետը սպառվել է, ուստի ցանկացած ակումբ, ով ցանկանում է ձեռք բերել Մեսսիին, պետք է նրա համար վճարի 700 միլիոն եվրո (ըստ պայմանագրի):
Լա Լիգան, պաշտոնական կայքում հրապարակված հայատարարության մեջ, շեշտել է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը շարունակում է գործել: Այսպիսով, արգենտինացի ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Բարսելոնայից» միայն 700 միլիոն եվրո վճարելու դեպքում, կամ էլ՝ տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու ակումբի ցանկության դեպքում: Մեսսին իրավունք չունի խզել պայմանագիրը առանց ակումբի թույլտվության:
Հիշեցնենք, որ այսօր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ներկայացել մարզումներին նախորդող բուժզննմանը: Այս մասին Twitter-ում ու մամուլի այլ ներկայացուցիչների միջոցով հայտնել է լրագրող Մարսելո Բեխլերը: Ավելի վաղ արգենտինացին հայտնել էր ակումբի ղեկավարությանը, որ չի հանձնի նաև Covid 19-ի թեստը: