«Կայրաթի» բրազիլացի հարձակվող Վագներ Լավը մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Նոայի» դեմ խաղում դուբլի և գոլային փոխացման հեղինակ դառնալու փաստը.
«Ուրախ եմ, որ տևական ժամանակ անց գոլի հեղինակ դարձա ու օգնեցի խաղընկերներիս: Այս պահին մեր խնդիրն արագ վերականգնվելն է, քանի որ առաջնությունում կիրակի օրը կարևոր հանդիպում ունենք: Մենք ցանկանում ենք հաղթել ցանկացած խաղում»,-գրում է «Կայրաթի» թվիթերյան էջը:
Լավն իր կարիերային լավագույն տարիներն անցկացրել է ռուսական ԲԿՄԱ-ի կազմում: Հանդես է եկել նաև Բրազիլիայի ազգային հավաքականում:
Այս տարվա հունիսի 23-ին «Կայրաթը» հայտարարեց Լավի տրանսֆերը ձեռք բերելու մասին: Կար տեղեկություն, որ բրազիլացին կարող է «Կորինտիանսից» վերադառնալ ԲԿՄԱ:
Հիշեցնենք, որ ԵԼ-ի որակավորման առաջին փուլում «Նոան» արտագնա խաղում 1-4 հաշվով պարտվեց «Կայրաթին»: Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Կիրիլ Բոռը: Մրցակցից դուբլ ձևակերպեց և մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վագներ Լավը: