Բասկետբոլի ԱՄՆ-ի ազգային ասոցացիայի փլեյ-օֆֆ փուլը շարունակվում է։ «Դենվեր Նագեթսը» սեփական խաղահրապարակում ծնկի բերեց «Յուտա Ջազզին»։ Հանդիպման առաջին երկու քառորդում գրեթե հավասար պայքար էր ընթանում։ «Յուտա Ջազզի» կազմում Միտչելի դիպուկ նետումներին «Դենվերը» պատասխանում էր Մյուրեյի ու սերբ Յոկիչի նետումներով, հատկապես՝ երկրորդի դիպուկ երեք միավորանոցներով։ Այդ նետումների շնորհիվ էլ «Դենվերը» բեկեց խաղի ընթացքն ու վերջին երկու քառորդներում հաղթեց. ընդհանուր՝ 117:107 հաշվով։ Դիմակայությունում հաշիվը դարձավ 3:2 հօգուտ «Յուտա Ջազզի»։
Գերխոշոր հաշիվ գրանցվեց «Լոս Անջելես Քլիփփերս»-«Դալաս Մավերիքս» խաղում։ Հրեշտակների քաղաքի թիմը հաղթեց 154:111 հաշվով։ Խաղը տարբեր ցուցանիշներով ռեկորդային էր. ամենախոշոր հաշվով հաղթանակ փլեյ-օֆֆում, ամենաշատ երեք միավորանոցները։ Առանց Պորզինգիսի «Դալլասը» ուղղակի ջախջախվեց։ «Քլիփփերսը» դիմակայությունում հաղթում է 3:2 հաշվով։