«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին պատմել է,որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Վալենսիայի» հետ պատասխան խաղի ժամանակն ինքն արդեն վարակված է եղել կորոնավիրուսով.
«Վալենսիայում կայանալիք խաղից մեկ օր առաջ ինձ վատ էի զգում, իսկ հետո՝ խաղի երկրորդ կեսում, ինձ շատ ավելի վատ զգացի: Եթե նայեք լուսանկարներին, ես այնքան էլ լավ տեսք չունեմ պահեստայինների նստարանին: Դա մարտի 10-ին էր: Երկու գիշեր անց ես վատ էի քնում: Զգում էի, որ հիվանդ եմ, չնայած ջերմություն չունեի:
Երկու րոպեն մեկ շտապ օգնության մեքենա էր մոտենում, քանի որ բազայի կողքին հիվանդանոց կա: Դա կարծես ռազմական գոտի լիներ: Գիշերը ես մտածում էի, թե ինչ կլինի ինձ հետ, եթե հայտնվեմ այդ հիվանդանոցում: Չէի կարող գնալ հիվանդանոց, դեռ այնքան բան ունեի անելու: Հաջորդ օրը թիմն ուտելիք էր ստացել մի շեֆ-խոհարարից, որը Միշլենի աստղ ուներ, նա «Ատալանտայի» երկրպագու է: Ես փորձեցի ուտեստն ու ասացի. «Սա ջուր է»: Ես ամբողջովին կորցրել էի համի զգացողությունը: Քանի որ ես երբեք ջերմություն չունեցա, այդպես էլ կորոնավիրուսի թեստ չհանձնեցի, բայց 10 օր առաջ արյան անալիզը հաստատեց, որ ես վարակված եմ եղել COVID-19-ով»,- Գասպերինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Ավելի վաղ «Ատալանտա»-«Վալենսիա» խաղը կենսաբանական ռումբ էին անվանել: Երկու խաղերի արդյունքում «Ատալանտան» ընդհանուր 8-4 հաշվով առավելության է հասել «Վալենսիայի» նկատմամբ և դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: