Բոլորս անհամբեր սպասում էինք մեծ ֆուտբոլի վերադարձին՝ ավելի քան երկամսյա դադարից հետո։ Այո, մի քանի առաջնություններ դեռ ընթացքի մեջ էին՝ Բելառուս, Նիկարագուա, Բուրունդի․․․ Բայց, ամենևին չնվազեցնելով այդ առաջնությունների դերը, անկեղծ լինենք՝ այն բավարար չէր ֆուտբոլային ծարավը հագեցնելու համար։
Եվ այժմ, մեծ ֆուտբոլը վերադարձել է, թեև որոշակի սահմանափակումներով, օրինակ՝ առանց լեփ-լեցուն մարզադաշտերի, սակայն դա էլ ժողովրդական լեզվով ասած՝ «չեղածից լավ է»։

Եվ ահա, վաղը՝ մայիսի 26-ին, մենք արդեն իսկ ականատես կլինենք այս ամսվա թերևս ամենակարևոր դիմակայությանը՝ գերմանական սուպերկլասիկոյին․ «Բորուսիան» Դորտմունդում կհյուրընկալի «Բավարիային»։
Այս հանդիպման կարևորությունն է՛լ ավելի է մեծանում, քանի որ երկու թիմերը ներկա դրությամբ չեմպիոնության համար պայքարում գլխավոր ֆավորիտներն են։ 27 խաղից հետո մյունխենցիները իրենց ակտիվում ունեն 67 միավոր և վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «մեղուները» 57 միավորով երկրորդն են։
Այս հանդիպումն իսկապես կարող է վճռորոշ լինել արծաթյա սկուտեղի համար պայքարում։ Կհաղթի «Բավարիան»՝ կունենա 7 միավորի առավելություն գլխավոր մրցակցի նկատմամբ և հետագա 6 խաղերում դժվար թե կորցնի այդ առավելությունը։ Կհաղթի «Բորուսիան»՝ միավորների տարբերությունը կհասցնի 1-ի, և առաջնության վերջնամասը կդառնա պարզապես գերհետաքրքիր։
Իսկ ինչպիսի՞ տրամադրությամբ են մոտենում այս կարևորագույն հանդիպմանը երկու թիմերը։ Հենց այդ ասպեկտին էլ ArmSport-ը այսօր որոշել է անդրադառնալ։
🔴 Բավարիա

Նախ սկսենք նրանից, որ մյունխենցիները մրցաշրջանի երկրորդ հատվածը սկսել էին բավականին լավ, և դա դեռ մեղմ է ասված․ Ֆլիկի սաներին կանգնեցնելը գրեթե անհնար էր։ «Բավարիայի» երկրպագուները երկարատև դադարից հետո ամենաշատն անհանգստանում էին՝ արդյո՞ք թիմը չի կորցնի այդ ռիթմը, խաղացողները չե՞ն կորցնի այդ հիանալի մարզավիճակը։ Սակայն վերջին հանդիպումները՝ առաջնության վերսկսումից հետո, և մասնավորապես՝ «Այնտարխտի» հետ հանդիպումը, (5-2) ցույց տվեցին, որ ամեն ինչ թիմի ճամբարում կարծես թե կարգին է։
Իսկ մինչ այդ «Բավարիան» Բունդեսլիգայի 26-րդ տուրի խաղում առավելության հասավ «Յունիոնի» նկատմամբ ՝ 0-2 հաշվով: Այսպիսով, դա մյունխենյան թիմի համար Գերմանիայի առաջնության 16-րդ հանդիպումն էր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ: Այս հանդիպումներում «Բավարիան» խփել է 50 գոլ: Սա ռեկորդ է Բունդեսլիգայի պատմության մեջ: Ոչ մի մարզչի գլխավորությամբ որևէ թիմ այդքան արագ չի հասել նման ցուցանիշի: Ֆլիկի դրական ազդեցությունը խաղացողների վրա դեռևս կասկածելու տեղիք չի տալիս։ Պատահական չէ, որ Ֆլիկը նոր պայմանագիր է կնքել մյունխենյան ակումբի հետ:

«Բավարիան» և 55-ամյա Ֆլիկը դեռ ապրիլի սկզբին համաձայնեցրել էին երկարաձգել պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստներին, ապա բոլոր առանցքային խաղացողները շարքում են։ Լևանդովսկին շարունակում է «ռմբակոծել» մրցակիցների դարպասը, Մյուլերը, ով գոլային փոխանցումների արդյունավետությամբ լավագույնն է թոփ լիգաներում, շարունակում է գնդակներ մատակարարել խաղընկերներին, իսկ առաջնության բացահայտումներից մեկը՝ Ալֆոնսո Դևիսը, ինչպես նաև Գորեցկան, Կիմիխը, Գնաբրին գտնվում են բավականին լավ մարզավիճակում։ Եվ որ շատ կարևոր է, հանդերձարանում բավականին լավ մթնոլորտ է: Եվ այդ ամենին ավելացնենք նաև Նոյերի նոր պայմանագիրը ակումբի հետ։
«Բավարիան»՝ Ֆլիկի գլխավորությամբ, ցուցադրում է բավականին ագրեսիվ, հարձակվողական ֆուտբոլ, և որ ևս շատ կարևոր է՝ դիտարժան ֆուտբոլ։ Գերմանական ակումբն ընդհանրապես ամենաարդյունավետն է Եվրոպայում (80 գոլ)։
Այնպես որ, «Բորուսիային» սպասվում է շատ դժվար հանդիպում մյունխենցիների դեմ խաղում։
🐝 Բորուսիա

Նշեցինք, որ «Բորուսիային» բավականին դժվար հանդիպում է սպասվում, սակայն նույնը կարելի է ասել նաև «Բավարիայի» դեպքում․ «մեղուները» ի զորու են ուժեղ խայթել․․․
Դատելով վերջին երկու խաղերում «Բորուսիայի» մարտավարությունից՝ պարզ է դառնում, որ թիմի գրոհների մեծ մասը սկսվում է պաշտպանության եզրերից, որտեղ ակտիվ են գործում Հակիմին և Գերեյրոն, ովքեր, ի դեպ, դարձան իրենց թիմի երկու գոլերի հեղինակներն առաջնության վերջին՝ «Վոլսֆսբուրգի» դեմ խաղում (0-2)։ Բավականին լավ մարզավիճակում են գտնվում Յուլիան Բրանդտը և Տորգան Ազարը, որոնք էլ համարվում են թիմի հիմնական «դիրիժորները»։ Վերջին խաղում Հոլանդը այդքան էլ ակտիվ չէր, և հուսանք, որ գլխավոր մրցակցի դեմ խաղում նա կրկին կգտնի մոտիվացիա և կցուցադրի այն խաղը, որը նրանից սպասում են «մեղուների» երկրպագուները։
Կան նաև կադրային խնդիրներ․ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրն ասել է, որ թիմի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարող է բաց թողնել Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ հանդիպումը։ «Նա միայն 10 օր է մարզվում թիմի հետ: Դա շատ քիչ ժամանակ է: Ես հաստատ չեմ կարող ասել, թե նա կխաղա արդյո՞ք երեքշաբթի», – Ֆավրի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Այո, Սանչոյի բացակայությունը շատ լուրջ կորուստ կլինի «Բորուսիայի» համար, և դեռ հարցական է նաև Հումելսի մասնակցությունը այդ խաղին, ով ևս վնասվածք ունի։
Հաշվի առնելով, որ հանդիպումը տեղի է ունենալու առանց հանդիսականների, «տնային խաղի» գործոնը այս անգամ գրեթե ոչ մի դեր չի խաղալու, քանի որ «Բորուսիայի» ֆուտբոլիստները զրկված կլինեն այն աջակցությունից, որը նրանք միշտ ստանում են իրենց երկրպագուներից։ Իսկ մենք հիշում ենք, թե ինչ էր կատարվում Սիգնալ Իդունա Պարկում՝ «Բորուսիայի» հանդիպումների ժամանակ․․․
Հաշվի առնելով վերը նշված բոլոր գործոնները, առաջին հայացքից հանդիպման ֆավորիտ է թվում «Բավարիան», սակայն ամեն ինչ հնարավոր է այս խաղում։ Չէ՞ որ մենք ֆուտբոլը սիրում ենք հենց անկանխատեսիլիության և ցանկացած պահի անակնկալ մատուցելու համար․․․
Եվ վերջում, հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մայիսի 26-ին, Երևանի ժամանակով 20։30-ին։
Վար Բաբայան