Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը 2020 թ-ի կարևորագույն մարզական իրադարձությունների ցանկում է:
Մրցաշարն առաջին անգամ կանցկացվի 12 երկրի 12 քաղաքում, իսկ եզրափակիչ փուլի մասնակից կդառնա 24 հավաքական: 20 հավաքական արդեն նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր: Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի եզրափակիչ հատվածին կմասնակցի Ֆինլանդիայի հավաքականը:
Խմբային փուլի վիճակահանությունը կայացել է: Մահվանը՝ F Խումբն է, որտեղ ընդգրկված են Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան, աշխարհի վերջին 2 առաջնության հաղթողներ Ֆրանսիան ու Գերմանիան, իսկ 4-րդ հավաքականը հայտնի կդառնա ավելի ուշ՝ անցումային խաղերի արդյունքում:

Armsport.am-ը անդրադարձ կկատարի արդեն իսկ ուղեգիր նվաճած հավաքականներին: Կփորձի հասկանալ ու ներկայացնել նրանց հնարավորությունները, կազմերի խորությունն ու նախկինում գրանցած հաջողությունները:
Սկսենք մահվան խմբում ընդգրկված Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականից:
Պորտուգալիայի հավաքականը 2016 թ-ին պատմության մեջ առաջին անգամ կարողացավ նվաճել պատվավոր ավարը: Մինչ այդ, 2004 թ-ին, ևս մեկ հնարավորություն ուներ նվաճելու չեմպիոնը կոչումը, սակայն «արտասովոր» Հունաստանը կանգնեց նրանց ճանապարհին:
Այն ժամանակ ֆուտբոլային կյանքում առաջին հստակ քայլերն անող Ռոնալդուի արցունքոտ աչքերը 12 տարի անց մնացին նույնը, բայց արցունքներն արդեն ուրախության էին:

2016 թ-ի եզրափակչում, խաղի մեծ մասն առանց առաջատար Ռոնալդուի անցկացրած Պորտուգալիան հաղթանակը կորզեց լրացուցիչ ժամանակում՝ Էդերի «կրակոցի» շնորհիվ:

Պորտուգալիայի հավաքականը մրցաշարի եզրափակիչ հատվածին կմասնակցի 8-րդ անգամ, 7-րդը՝ անընդմեջ: Նախորդ 7 դեպքում էլ նրանք կարողացել են դուրս գալ խմբից՝ մեկ անգամ դառնալով չեմպիոն, մեկ անգամ՝ արծաթե մեդալակիր, 3 անգամ՝ բրոնզե մեդալակիր:
Եվրո-2016-ում հաջողությունը Պորտուգալիայի համար վերջինը չէ: ՈՒԵՖԱ-ի նոր՝ Ազգերի Լիգայի անդրանիկ մրցաշարում հաղթեցին հենց նրանք՝ եզրափակչում առավելության հասնելով Նիդեռլանդների նկատմամբ:
Եթե համեմատենք ներկայիս Պորտուգալիայի կազմը 2016 թ-ի կազմի հետ, ապա այսօրվա կազմն ավելի հասուն ֆուտբոլ է ցուցադրում:
Եվրոպայի այս առաջնությունում Պորտուգալիան, միանշանակ, կլինի ֆավորիտների ցանկում, չնայած՝ բարդ խմբում է ընդգրկված:
Ֆերնանդու Սանտուշի գլխավորած ընտրանին ընտրական մասի խմբային փուլում 8 խաղում տարավ 5 հաղթանակ, 2 խաղ ավարտեց ոչ-ոքի ու մեկ խաղում պարտվեց: Հավաքականը 8 խաղում խփեց 21 գնդակ, որի առյուծի բաժինը, բնականաբար, բաժին հասավ Ռոնալդուին. գոլահարն աչքի ընկավ 11 անգամ:

Դարպասում Սանտուշը ոչ մի կերպ քննասեղանին չի դնում Ռուի Պատրիսիուի առկայությունը: Պաշտպանությունում մարզիչը կունենա լայն ընտրության հնարավորություն, եթե բոլորը կազմ ու պատրաստ մոտենան ստուգատեսին: Մարիո Ռուին, Ռիկարդու Պերեյրան, Ռուբեն Դիաշը, Ռաֆայել Գերեյրուն, Ժոաու Կանսելուն, Նելսոն Սեմեդուն և փորձառու Պեպեն ու Ֆոնտեն կարող են ամուր պատնեշ ստեղծել ցանկացած հավաքականի համար:
Մի քանի ֆուտբոլիստ կա, որոնց խաղից կախված կլինի ամբողջ հավաքականի խաղը. Եվ նա Ռոնալդուն չէ: Այո՛, կարող եք պնդել, որ նա է ապահովում հաղթանակներն իր բազմաթիվ գոլերով, բայց Ռոնալդուն այն տարիքում չէ, որ կարողանա միայնակ խաղերի ելքեր վճռել: Մեկ անգամ կարող է ստացվել, բայց սա Եվրոպայի առաջնությունն է, չենք մոռանում:
Պորտուգալացիների խաղը մեծապես կախված կլինի տպավորիչ խաղ ցուցադրող Բեռնարդու Սիլվայից: Նա կարող է մատակարար դառնալ Ռոնալդուի համար: Եթե Սիլվա-Ռոնալդու համագործակցությունն աշխատեց, դժվար է լինելու կագնեցնել այդ մեքենան: Կիսապաշտպանության կենտրոնում Ժոաու Մարիուի ու Մոուտինյոյի խաղից նույնպես շատ բան կախված կլինի:
Այս պահին հարձակման գիծն առանց Ռոնալդուի տխուր տեսք ունի: Գոնսալու Գեդեշն իր թիմում կայուն խաղաժամանակ չի ստանում: Գեդեշը 2019թ-ին վատ հանդես չեկավ: Բավական է հիշել Ազգերի լիգայի եզրափակչում նրա խփած հաղթական գոլը: Նույն իրավիճակում է նաև Անդրե Սիլվան: Այս մրցաշրջանում անկացրած 10 խաղում Սիլվան խփել է 3 գնդակ: Պոտուգալական ֆուտբոլի ծագող աստղ Ժուաու Ֆելիշը, որի հետ մեծ հույսեր են կապել մադրիդյան ակումբում, առայժմ չի արդարացնում սպասելիքները: Ֆելիշը 15 խաղի է մասնակցել այս մրցաշրջանում ու խփել 3 գնդակ: Ամեն դեպքում, նա կլինի հավաքականում, բայց պատկերացրեք, մարզավիճակը կարգավորելու դեպքում, կառաջանա Ֆելիշ-Սիլվա-Ռոնալդու մահացու եռյակը:

Մնում է ևս մեկ անգամ փաստել, որ Պորտուգալիան կլինի ֆավորիտների ցանկում: Նրանք կգան պաշտպանելու իրենց տիտղոսը:
Արմեն Գարամյան