«Անկեղծ ասած, ես սիրում եմ ավելի շատ ֆուտբոլ խաղալ … Ես սիրում եմ ավելի շատ ֆուտբոլ խաղալ, քան կարևոր մարդկանց շրջապատում լինել… Քանի որ ֆուտբոլը իմ գործն է, ես դա սիրում եմ: Եվ խոսելը իմ բանը չէ: Մի խոսքով, բարի երեկո բոլորին»,- կաշկանդված, սակայն լայն ժպտալով, Մանեն սկսեց իր ելույթը «Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստ» մրցանակը ստանալուց հետո:

Այո՛, Սադիո Մանեն ճանաչվեց մայրցամաքի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Բոլորը տեղյակ են, որ Մանեն լավ ֆուտբոլիստ է, ով գերիշխում է դաշտում և իր կյանքի 27-րդ տարում հիանալի մազավիճակում է: Բայց նաև գրեթե բոլորն էլ գիտեն, որ նա զբաղվում է բարեգործությամբ: Սադիոն լիովին արժանի էր Աֆրիկայի 2019 թվականի լավագույն խաղացողի մրցանակին, քանի որ նա երեք միջազգային գավաթներ նվաճեց «Լիվերպուլի» հետ և Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ հասավ Սենեգալի հավաքականի հետ: Մանեն վստահ է, որ Բամբալի փոքրիկ գյուղի իր հայրենակիցները հեռարձակումը դիտել են հեռուստատեսությամբ, քանի որ Սադիոն շատ էր օգնել այդ մարդկանց, և նրան բոլորը շատ շնորհակալ են։ Ցավալի էր, որ նրա հայրը չէր կարողացել մասնակցել արարողությանը և հպարտանալ իր որդով․․․
Սադիոյի հայրը գյուղում իմամ էր և կտրականապես դեմ էր որդու ֆուտբոլային կարիերային: Ահա թե ինչու Սադիոն նախևառաջ շնորհակալություն հայտնեց քեռուն. նա վերցրեց տասնհինգ տարեկան տղային, տարավ մայրաքաղաք Դաքար, որտեղ, ինը տարի անց՝ Մանեն դարձավ ֆուտբոլիստ: Սկզբում նրա վրա բոլորը ծիծաղում էին՝ պատռված խաղակոշիկների պատճառով, բայց ֆրանսիական «Մեցի» սկաուտները արդեն նկատել էին նա տաղանդը:
Ութ տարի առաջ `2012 թվականի հունվարին, Սադիոն նշեց իր նորամուտը ֆրանսիական 2-րդ լիգայում, և չնայած հարձակվողը գրեթե գոլ չէր խփում, բայց խաղում էր հիանալի, և այդ պատճառով էլ գրավեց ավստրիական գրանդի ուշադրությունը
Արդեն հունիսին «ՌԲ Զալցբուրգը» 4 մլն եվրոյով գնեց Մանեի տրանսֆերը ֆրանսիական ակումբից։
Զալցբուրգում Մանեն սկսեց ցուցադրել լրիվ այլ մակարդակի ֆուտբոլ և ամենակարևորը՝ խփում էր գոլեր նախանձելի արդյունավետությամբ
Երկու տար անց, արդեն 23 մլն եվրոյի դիմաց, սենեգալցին տեղափոխվեց «Սաութհեմփթոն»։
Վան Դեյկ, Լալլանա, Լովրեն․․․ «Սաութհեմփթոնից» շատ ֆուտբոլիստներ են տեղափոխվել «Լիվերպուլ» ․․․ Եվ շատերի համար անակնկալ չէր Մանեի տրանսֆերը մերսիսայդյան ակումբ
41 մլն եվրո․․․ Եվ Սենեգալի հավաքականի աստղը արդեն Լիվերպուլում է։ Դա 2016 թվականն էր։ Կլոպի գլխավորությամբ Մանեն երեք տարվա ընթացքում դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ 2019-ին՝ լավագույնը Աֆրիկայում։
Հրաշալի է, երբ պատանին, ով աշխատում էր դաշտերում և շատ հաճախ նույնիսկ թերի էր սնվում, մեծացել է և դարձել հաջողակ ֆուտբոլիստ: Հիանալի է, որ Մանեի հայրենի գյուղի տղաները կարիք չունեն ոտաբոբիկ ֆուտբոլ խաղալու, ինչպես ինքն է արել ժամանակին, որովհետև «Լիվերպուլի» աստղը նրանց բերեց կոշիկներ, համազգեստ և լավ գնդակներ: Մի տղա, ով մեծացել է Դաքարից 800 կմ հեռավորության վրա, կարող էր լավագույն դեպքում ուսուցիչ դառնալ, և մենք նրա մասին չիմանայինք:
Սակայն նրա բախտը բերեց, և պետք է անկեղծորեն ուրախանալ Մանեի համար։ Ոչ միայն Նգոլո Կանտեն է աչքի ընկնում պատշաճ և համեստ պահվածքով։ Հիշո՞ւմ եք, երբ Սադիո Մանեն օգնեց Սենեգալի հավաքականի աշխատակցին տեղափոխել ջրով լի տարաները: Մանեն դուրս է եկել հավաքականի ավտոբուսից և մի քանի շիշ ջուր վերցրել: Մանեն այն քիչ խաղացողներից է, ում համար սա, կարծում ենք գովազդային քայլ չէր: Հիանալի տղա է․․․
Մանեն հայտնի է մի շարք բարեգործական ակցիաներում իր մասնակցությամբ: Մասնավորապես, հարձակվողն ավելի քան 230 հազար եվրո է տրամադրել Սենեգալում՝ իր հայրենի գյուղում դպրոցի կառուցման համար: Իսկ մինչ այդ նա Բամբալիում կառուցել էր նաև հիվանդանոց։
«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի հայրենի Բամբալի գյուղի բնակիչները հենց այսպես են արձագանքել սենեգալցու՝ 2019 թ-ի Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման փաստին.
«Ինչի՞ս են պետք 10 Ֆերարին, 20 թանկարժեք ժամացույցները կամ 2 ինքնաթիռը: Ես ծանր ժամանակներ եմ ապրել: Ես սոված եմ եղել, աշխատել եմ դաշտում, ոտաբոբիկ եմ ֆուտբոլ խաղացել, կրթություն չեմ ունեցել: Հիմա ես կարող եմ օգնել մարդկանց՝ կառուցել դպրոցներ, մարզադաշտեր, հագուստ ու սնունդ գնել նրանց համար: Ես նախընտրում եմ, որ իմ մարդիկ բաժին ստանան նրանից, ինչ կյանքը տվել է ինձ», – ասում է Մանեն:
Ահա այսպիսին է մեր այսօրվա հերոսը․տաղանդավոր, աշխատասեր, համեստ․․․եվ լավ օրինակ, թե ինչպես կարելի է սենեգալյան ետնախորշերից հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և գլխավերևում պահել գավաթը․․․ հեքիաթ իրական կյանքից։
Վար Բաբայան