Հայաստանի առաջնություններում միջազգային խաղերով պայմանավորված դադարի պայմաններում այսօր ընկերական խաղեր են կայացել հայկական թիմերի միջև:
Մասնավորապես, Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է Չարենցավանի «Վանին» ու 1:2 հաշվով պարտություն կրել: Կարեն Բարսեղյանի թիմի կազմում գոլեր են հեղինակել Կարեն Խատուևն ու Կվասի Եզա Ուիլֆրիդը, իսկ երևանյան թիմի կազմում մեկ գնդակ հետ է բերել Գեղամ Ղադիմյանը:
Արմեն Ադամյանի թիմը ԲԽ-ի 13 տուրից հետո մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 23 միավոր, իսկ «Վանը» նույնքան խաղից հետո Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 31 միավոր:
Եվս մեկ ընկերական խաղ տեղի է ունեցել Գյումրիում: Տեղի «Շիրակը» հյուրընկալել է Առաջին խմբում հանդես եկող մեկ այլ թիմի՝ «Սևանի», և 5 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը:
«Շիրակի» կազմում գոլեր են հեղինակել Ժիրայր Մարգարյանը, Արտեմ Գևորկյանը, Արման Ասլանյանը, Էդգար Մալաքյանը և Մուսսա Փոլ Բակայոկոն:
Բարձրագույն խմբի 13 տուրից հետո «Շիրակը», իր ակտիվում ունենալով 25 միավոր, մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Սևանն» Առաջին խմբի մրցաշարային աղյուսակում 5-րդն է՝ 14 խաղից հետո վաստակած 28 միավորով:
Այսօր կայացած ևս մեկ ընկերական խաղում «Նոան»3 անպատասխան գնդակ է ուղարկել «Արագածի» դարպասը: Մայրովիչը դարձել է դուբլի հեղինակ, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Վիգեն Ավետիսյանը:
Հանդիպումը կայացել է Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: