Դիլիջանը կունենա վերակառուցված ֆուտբոլային մարզադաշտ: Այս մասին հաղորդում է Երևանի «Փյունիկի» պաշտոնական կայքը:
Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ համատեղ 2019 թվականին մեկնարկել է Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտի վերակառուցման և հարակից կառույցների վերազինման ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Դիլիջանում մանկապատանեկան ֆուտբոլը:
Մինչ այս անբարեկարգ վիճակում գտնվող ֆուտբոլի մարզադաշտը վերակառուցվելու է, փոխվելու է խոտածածկը, ներդրվելու է ջրաոռոգման համակարգ և վերանորոգվելու են հարակից կառույցները:
Մարզադաշտի բարեկարգման շնորհիվ՝ Դիլիջանի և շրջակա համայնքների տղաներն ու աղջիկները հնարավորություն կունենան հաճախել ֆուտբոլի մարզումների պրոֆեսիոնալ մարզիչների մոտ և մասնակցել ֆուտբոլային խաղերի:
Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտի կառուցումը մեծ խթան կհանդիսանա ընդհանրապես Տավուշի մարզում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրության մեծացմանը, ինչպես նաև Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: