Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նաև ՀՖՖ գործկոմի անդամ է, Facebook-յան իր էջում կիսվել է ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի տեղադրած լուսանկարով, որտեղ ասվում է, որ ֆեդերացիայի նախագահը իրավունք չունի հավաքականի մարզիչ նշանակելու։
«ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,-գրել է Արսեն Թորոսյանը։
Մեսրոպ Առաքելյանը Facebook-յան իր էջում գրել է հետևյալը․
«ՀՖՖ նախագահը իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ։ Այսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։
Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»։