VBet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս ջախջախեց «Վեստ Արմենիային»: Խաղը կայացավ Ձորաղբյուրի մարզաբազայի խաղադաշտում և ավարտվեց 5-0 հաշվով՝ հօգուտ Վարդան Մինասյանի թիմի:
Հանդիպման 9-րդ րոպեին Հայաստանի գործող չեմպիոնին գավաթային պայքարում հաշվի մեջ առաջ մղեց Լուիս Օգանան: 38-րդ րոպեին Արտյոմ Ավանեսյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Թիմերը հենց այդ 2 գոլերով ավարտեցին առաջին խաղակեսը: Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» ևս 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. աչքի ընկան Զակարիա Սանոգոն, Հովհաննես Հարությունյանը և Արտյոմ Ավանեսյանը, որն այս խաղում դուբլ ձևակերպեց: Այսպիսով, «Արարատ-Արմենիան» պայքարը շարունակում է Գավաթի խաղարկությունում: