Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է սահմանները: Ինչպես կոմիտեից տեղեկացնում են ArmSport.am-ին՝ Խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը սեպտեմբերի 17-ից 24-ը մի շարք հանդիպումներ է ունեցել Ղազախստանում և ԱՄԷ-ում:
Համահայկական խաղերի 20- ամյա պատմության ընթացքում Ղազախստանի հայերը երբեք չեն մասնակցել որևէ միջոցառման:
Զաքարյանը Ղազախստանում հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքների հայ համայնքների հետ: Նուր-Սուլթանում ձևավորվել է Համահայկական խաղերի կոմիտե, որի նախագահ է նշանակվել գործարար Հայկ Սողոյանը: Վերջինս համաշխարհային կոմիտեի նախագահի հետ հանդիպել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին՝ քննարկելու կազմակերպչական մի շարք հարցեր:
Ղազախստանյան այցից հետո Իշխան Զաքարյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: ԱՄԷ-ի Դուբայ քաղաքի 11-հոգանոց պատվիրակությունը 2019-ին առաջին անգամ մասնակցեց Համահայկական խաղերին: Կատարած այցի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ավելի մեծ թվով մասնակիցներ ներգրավելու ուղղությամբ: Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը և ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը հյուրընկալվել են ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Եպիսկոպոս Սարգիսեանին, որը տեղեկացրել է Քաթարում իր կողմից տարվող աշխատանքների մասին ու հայտնել, որ հաջորդ խաղերին ակնկալվում է Դոհայի մասնակցությունը ֆուտզալ և բասկետբոլ մարզաձևերում: Սպասվում է, որ հաջորդ Խաղերին բավականին ընդգրկուն մասնակցություն կունենան Շարժա և Աբու-Դաբի քաղաքները:
Առաջիկայում սպասվում են իշխան Զաքարյանի հանդիպումները Ռուսաստանի և եվրոպական այն քաղաքների ներկայացուցիչների հետ, որոնք փոքր թվով են մասնակցում կամ ընդհանրապես չեն մասնակցում Համահայկական խաղերին: