Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Հունաստանի հավաքականի հետ վաղը կայանալիք խաղից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է սպասելիքներով.
«Երանելի վիճակում չենք՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը, բայց ֆուտբոլ է, մենք իրավունք չունենք կառչել այդ փաստից ու մտածել որևէ բացասական բանի մասին: 3 օրվա մեջ փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել, որ ազգային հավաքականը պատրաստ է հույների հետ խաղին: Նպատակը մեկն է՝ քաղել առավելագույնը»,- ասել է Խաշմանյանը:
Խոսելով Հունաստանի հավաքականի մասին՝ Աբրահամ Խաշմանյանն ընդգծեց, որ լավ ուսումնասիրել են մրցակցին, որը հանդես է գալու ամբողջովին փոխված կազմով.
«Դիտելով նրանց վերջին երկու խաղերը՝ կարող եմ ասել, որ շատ կազմակերպված ու արդյունավետ ֆուտբոլ են ցուցադրում»:

Աբրահամ Խաշմանյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանով է պատրաստ երկրպագուների ճնշմանը, ովքեր առավելագույնն են սպասում հավաքականից, նշեց, որ իր սպասելիքները ևս շատ մեծ են.
«Մենք ևս առավելագույնն ենք սպասում, բայց պետք է գիտակցենք, թե ինչ ունենք այսօր մեր ձեռքի տակ: Ոչ մի կերպ չենք կառչելու կորուստներից, ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի վաղը մեր թիմն առավելագույնը քաղի: Ուզում եմ բոլորս կենտրոնանանք հենց վաղվա խաղի վրա»:
Խոսելով հավաքականը գլխավորելու շարժառիթների մասին՝ Աբրահամ Խաշմանյանը հստակ պատասխան տվեց.
«Դրդեց, համոզեց … ստացել եմ կոնկրետ հրավեր, ընթացել են բանակցություններ: Սա մեր ազգային հավաքականն է: Դրդելու հարց չկա, սա մեր ազգային հավաքականն է: Բանակցություններից հետո սիրով համաձայնել եմ գլխավորել: Այո, մինչ այս չեմ խոսել հավաքականների մասին, քանի որ գտել եմ՝ կոռեկտ չէ, երբ մեկը, ով հավաքականների հետ սերտ կապեր չունի, խոսում է հավաքականներից: Խուսափել եմ դրանից»,- խոստովանում է Աբրահամ Խաշմանյանն ու անդրադառնում նաև ընտրանու կազմը երիտասարդացնելուն.
«Մենք չպետք է երազանքներով կամ ռոմանտիզմով առաջնորդվենք: Պետք է ամեն ինչին ռեալ նայենք: Իսկ ի՞նչ կարող ենք անել սերնդափոխության համար: Ի՞նչ սերունդ ունենք մենք: Այսօր բոլորը խոսում են սերնդափոխության մասին, այո արդեն ժամանակն է, բայց այսօր 7 ֆուտբոլիստ բացակայում է հավաքականի ճամբարից, նրանք բարձրակարգ խաղացողներ են Մխիթարյանի գլխավորությամբ, ովքեր տարիներ շարունակ հավաքականին համար տվել են այն, ինչ կարողացել են: Բայց պետք է հասկանանք, որ նրանք արդեն 30-անց են: Սերնդափոխությունն անհրաժեշտ է, բայց ինչ ունենք մենք: Ինչո՞վ պետք է սերնդափոխություն անենք… ուղղակի խոսքերո՞վ: Ունենք Էրիկ Վարդանյան, ով հրավիրվել է հավաքական, բայց նա դեռ պետք է կայանա որպես հավաքականի ֆուտբոլիստ: Հավաքականը չի կարող լինել փորձադաշտ: Սա ամենաբարձր կետն է: Շատ եմ լսում, որ օրինակ աշխարհի որևէ երկրի 4-րդ լիգայում հանդես եկող խաղացողին կոչ են անում հրավիրել հավաքական … չի կարելի այդ մտածելակերպով առաջնորդվել: Այո, պետք է լինի սերնդափոխություն, բայց ոչ փորձարկումներ: Իսկ սերնդափոխության համար պետք են ռեսուրսներ, ինչը մենք այսօր չունենք: Տարիներ շարունակ ասել են «մենք պատրաստում ենք ֆուտբոլիստներ Ազգային հավաքականին համար»… ո՞ւր են այդ ֆուտբոլիստները, ցույց տվեք»,- իր մտահոգությունն է հայտնում Աբրահամ Խաշմանյանը:
Մասնագետը խոսել է նաև տևական դադարից հետո հավաքական հրավիրված Գևորգ Կասպարովի և Արթուր Սարկիսովի մասին.
«Առաջին հերթին իմ բոլոր որոշումները բխել են ու բխելու են ֆուտբոլային դաշտից, բայց բոլոր որոշումների մեջ կա նաև մարդկային գործոնը: Կասպարովին ևս պատահական չեմ հրավիրել հավաքական: Նման խաղացողներին, ովքեր ամբողջ կյանքում խաղացել են լավ մակարդակում, հոգի են տվել, պրոֆեսիոնալ են, մենք պետք է նրանց հարգանքի տուրք տանք: Իմ որոշումն այսօր նաև այդ պատճառով եմ կայացրել: Կլինեն մյուս ֆուտբոլիստները, կստանան նույն վերաբերմունքը: Այդուհանդերձ, իմ բոլոր որոշումները նախևառաջ բխում են ֆուտբոլի դաշտից: Ինչո՞ւ չպետք է հրավիրեմ Գևորգին, որն իր ակումբում շատ լավ է խաղում, շատ լավ մարզավիճակում է գտնվում, այլ հրավիրեմ մի դարպասապահի, ով իր թիմում պահեստայինների նստարանին է նստած:
Ինչ վերաբերում է Սարկիսովին, ապա 3 օրվա արդյունքներով չեմ կարող ասել, թե ինչ վիճակում է գտնվում, բայց ցանկությունը շատ մեծ է: Նա ևս ապացուցելու բաներ ունի»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը: