Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանթ Սխիպը Եվրո-2020-ի ընտրական փուլի նախավերջին տուրի՝ Հայաստանի հետ Երևանում կայանալիք խաղից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է սպասելիքներով.
«Կարծում եմ՝ մոտիվացիայի պակաս չունենք, քանի որ գուցե միավորների ու խմբից դուրս գալու համար չենք պայքարում, բայց ցանկանում ենք ցույց տալ, որ կարողանում ենք ֆուտբոլ խաղալ: Պետք է ցույց տանք, որ հավատում ենք ինքներս մեզ, կռիվ ենք տալիս մեկս մյուսի համար. դա է ամենակարևորն այս պահին: Ուզում ենք լավ խաղ ցուցադրել»:

Խոսելով Հայաստանի հավաքականի մասին՝ Ջոն Վանթ Սխիպը մասնավորապես ասաց.
«Պետք է սպասենք: Գիտենք, որ Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, գուցե նա նոր խաղաոճ փորձարկի, բայց մենք պետք է կենտրոնանանք միայն մեր խաղի, մեր աշխատանքի վրա: Պետք է հարգենք մրցակցին, նրանք ցույց տվեցին, որ ունեն վտանգավոր խաղացողներ: Հետաքրքիր խաղ է սպասվում: Կփորձենք նաև արդյունք ապահովել»:
Մխիթարյանի բացակայությունը որքանո՞վ կազդի մրցակցի տրամադրվածության ու մոտիվացիայի վրա. հոլանդացի մասնագետն ասում է՝ չեն ցանկանում կենտրոնանալ անհատ խաղացողների վրա.
«Կարծում եմ՝ մեկ ֆուտբոլիստի հարց չէ, ամբողջ թիմն է: Կան խաղացողներ, ովքեր նոր մարզչի օրոք հրավիրվել են, արժանի են խաղալու ու պետք է շատ բան ապացուցեն: Իհարկե, կան անհատապես տաղանդավոր խաղացողներ: Գիտեմ, որ Հայաստանի հավաքականը վաղը պատրաստ կլինի խաղին: Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, չեմ մտածում մրցակցի խաղացողների մասին»:
Հայաստան-Հունաստան խաղը կկայանա վաղը՝ նոյեմբերի 15-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: