Գյումրիի «Շիրակի» երկարամյա ավագ Աղվան Դավոյանն օրերս հեռացավ հարազատ թիմից ու համալրեց Երևանի «Ալաշկերտի» կազմը։
Որոշման պատճառների, Գյումրիի թիմում անցկացրած ժամանակշրջանի, նոր հեռանկարների ու երևանյան թիմում իր առջև դրված խնդիրների մասին ArmSport-ը զրուցել է 31-ամյա գյումրեցի ֆուտբոլիստի հետ․
-Աղվան, ինչպե՞ս կայացրիք «Շիրակից» հեռանալու որոշումը, որտեղ Ձեր ամբողջ կարիերան էիք անցկացրել։
— Եթե չեմ սխալվում 12 մրցաշրջան անընդմեջ խաղացել եմ «Շիրակի» կազմում, բայց մրցաշրջանի ավարտից հետո թիմում անորոշ վիճակ էր։ Ունեցա զրույց «Ալաշկերտի» նախագահի հետ, եկանք համաձայնության ու հիմա այս ակումբում եմ։
-«Շիրակն» այսօր պաշտոնապես հայտարարեց,որ հաջորդ մրցաշրջանից հանդես չի գա Հայաստանի Բարձրագույն խմբում։ Ինչպե՞ս ընդունեցիք այս լուրը։
— Մեծ ցավով: Հուսով եմ սա միակ ու վերջին մրցաշրջանը կլինի ու «Շիրակը» նորից կվերադառնա ուժեղագույնների լիգա։
«Շիրակը» միշտ գյումրեցիների ուշադրության կենտրոնում է, անկախ նրանից թե ինչքան մարդ է ներկա լինում խաղերին, ու հանդիսանում է մարզում ֆուտբոլի հաճախող երեխաների գլխավոր մոտիվացիան։
-Իսկ ի՞նչ կասեք «Շիրակի» երկրպագուներին։
-Կասեմ որ դուք ֆանտաստիկ եք՝ թե՛ մարզադաշտում, թե՛ դրանից դուրս։ Սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիցդ ու կկարոտեմ։
-Ինչպե՞ս կամփոփեք «Շիրակում» անցկացրած ժամանակաշրջանը։
-Ուղղակի հիանալի տարիներ եմ անցկացրել՝ շատ բուռն հիշողություններով լի։ Ակումբի հետ մի շարք անմոռաց պահեր եմ ունեցել, ինչպես օրինակ Հայաստանի չեմպիոնությունը 12-13 թթ, երկու անգամ գավաթ նվաճելը, Եվրագավաթներում «Դիլայի» և «Զրինսկիի» հետ դիմակայությունները։
Աղվան Դավոյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ շուտով։