VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան որքան մոտենում է ավարտին, այդքան պայքարը թեժանում է:
Այս պահին առաջատարները երկուսն են: 34-ական միավորով 1-ին հորիզոնականը կիսում են «Նոան» ու «Արարատը»: «Ալաշկերտը» 33 միավորով երրորդն է, իսկ քառյակը 32 միավորով եզրափակում է «Արարատ-Արմենիան»: Ի տարբերություն քառյակի մյուս թիմերի, «Նոան» մեկ խաղ ավել է անցկացրել: Մրցանակային տեղերի համար պայքարին դեռ կարող է խառնվել «Ուրարտուն», որն այս պահին 28 միավորով 5-րդ հորիզոնականում է:
Բարձր տրամադրություն՝ գավաթային խաղից հետո.
Տուրի բացման խաղը կկայանա Չարենցավանում: «Վանը» կընդունի գավաթի եզրափակիչ դուրս եկած Երևանի «Արարատին»: Բիչախչյանի թիմը շատ լավ մարզավիճակում է: Չնայած առաջնության վերջին 3 տուրում «Արարատը» կրել է 2 պարտություն, սակայն «Արարատը» բավականին լավ ու արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում և «Վանի» դեմ խաղում ֆավորիտ է համարվում: Չարենցավանյան թիմը նույնպես վատ մարզավիճակում չէ: Վերջին 3 խաղում 2 հաղթանակ, մեկը՝ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Ինչպես նշեցի, «Արարատը» հաղթահարեց «Արարատ-Արմենիայի» արգելքն ու դուրս եկավ եզրափակիչ՝ չնայած դիմակայության պատասխան խաղում կրած պարտությանը: Ընթացիկ առաջնությունում թիմերը հանդիպել են 2 անգամ, և այդ 2 խաղում գրանցվել է միայն մեկ գոլ. 7-րդ տուրում «Արարատը» հաղթել է նվազագույն հաշվով, իսկ մյուս խաղն ավարտվել է ոչ-ոքի: «Արարատն» ընթացիկ առաջնությունում այն 2 թիմերից մեկն է, որի դարպասը «Վանը» չի կարողացել գրավել. մյուսը «Նոան» է: «Վանի» կազմում խաղին չեն մասնակցի որակազրկված Ալեքսանդր Տենյաևն ու Վահագն Այվազյանը:
Վերջապես, ո՞վ է ուժեղ.
«Ալաշկերտն» այս տուրում ընդունում է «Փյունիկին»: Եղիշե Մելիքյանը կրկին հանդիպելու է իր նախկին ակումբին: «Փյունիկը» չի կարողանա մրցանակային տեղերի համար պայքարել, սակայն պայքարում է մրցաշարային աղյուսակում վեր բարձրանալու համար: «Ալաշկերտը» պայքարում է չեմպիոնության համար և դուրս է եկել գավաթի խաղարկության եզրափակիչ՝ ծանրագույն դիմակայությունում հաղթահարելով գործող գավաթակիր «Նոայի» արգելքը: Մելիքյանի գլխավորությամբ ներքին առաջնությունում «Փյունիկն» անցկացրած 8 խաղում տարել է 4 հաղթանակ, կրել 3 պարտություն, իսկ մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: 2021 թ-ին «Ալաշկերտը» միայն մեկ պարտություն է կրել: Ընթացիկ առաջնությունում, երբ այս թիմերը հանդիպեցին միմյանց, «Ալաշկերտը» մարզում էր Եղիշե Մելիքյանը: Այդ խաղում թիմերը չգտան մեկմեկու դարպասի բանալին: Գարնանային հատվածում կայացած խաղում կրկին թիմերը հաղթողին չպարզեցին ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով: «Ալաշկերտի» համար խաղը կարող է հոբելյանական լինել. հնարավոր հաղթանակը կլինի 100-րդը Բարձրագույն խմբում:
Կենտրոնական դիմակայություն. Գավաթի խաղարկությունում պարտվածները՝ միմյանց դեմ.
Նախորդ խաղարկության վերջին տուրերում չեմպիոնական պայքարը «Արարատ-Արմենիայի» ու «Նոայի» միջև էր: Թիմերը վիճարկեցին նաև Գավաթն ու Սուպերգավաթը: 2-ն էլ օրեր առաջ դուրս մնացին Գավաթի խաղարկությունում: Բայդաչնիի գլխավորությամբ «Արարատ-Արմեիան» դուրս մնաց Գավաթի խաղարկությունից ու առաջնությունում պակասում է վստահությունը: Այս պահին գործող չեմպիոնը միայն 4-րդն է ու այս պահից սկսած ցանկացած միավորի կորուստ կարող է ճակատագրական լինել: 2 թիմն էլ առաջնության վերջին հատվածում կայուն չեն, և սա հաշվի առնելով՝ դժվար է ֆավորիտի առանձնացնել: Այս առաջնությունում թիմերը մրցել են 2 անգամ. «Արարատ-Արմենիան» պարտություն չի կրել: Առաջնության մեկնարկում թիմերը խաղացին գոլազուրկ ոչ-ոքի: Երկրորդ դիմակայությունում արդեն հաղթեց «Արարատ-Արմենիան»՝ 3-1 հաշվով: Հայաստանի առաջնություններում «Նոան» դեռ ոչ մի հաղթանակ չի տարել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
Գյումրիից դժվար է միավոր «տանել».
Ինչպես վերևում նշեցի, «Ուրարտուն» կարող է միանալ մրցանակային տեղերի համար պայքարին, իսկ դրա համար անհրաժեշտ է այս տուրում հաղթել «Շիրակին»: Մեկ շաբաթվա ընթացքում այս թիմերը հանդիպում են 2-րդ անգամ: 2021 թ-ին Դավթյանի «Շիրակը» հաղթանակ չունի. 9 տուրում 4 ոչ-ոքի, 5 պարտություն: Ռոբերտ Արզումանյանը որոշակի կայունություն է մտցրել «Ուրարտուի» խաղում: Օրացուցային այս տարում «Ուրարտուն» ներքին առաջնության 9 խաղում տարել է 4 հաղթանակ, կրել նույնքան պարտություն և խաղացել մեկ ոչ-ոքի: Թիմերն այս մրցաշրջանում հանդիպել են 2 անգամ. 2 խաղում էլ հաղթել է երևանյան թիմը՝ խփելով 4 գնդակ ու սեփական դարպասը պահելով անառիկ:
Արմեն Գարամյան