Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է մեր ընտրանու նորեկներին: Կապառոսի գլխավորությամբ առաջին ֆուտբոլիստը, որ հրավիրեց հավաքական, «Շիրակի» կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն էր.
«Մենք հետևում էինք Սոլոմոնի խաղին անգամ երբ Իսպանիայում էինք, քանի որ դեռ չէինք կարող ժամանել Հայաստան: Նրա մասնակցությամբ բազմաթիվ խաղեր ենք դիտել: Եվ ես հարց տվեցի մեր ֆեդերացիայի նախագահին՝ արդյոք կարո՞ղ ենք նրան ընդգրկել Հայաստանի հավաքականում, դրական պատասխան ստանալուց հետո հետաքրքրվեցի՝ արդյոք նա ցանկություն ունի՞ խաղալու Հայաստանի հավաքականում: Քանի որ ցանկությունն ու նվիրվածությունը հավաքականի համար երբեմն ավելի վեր են ֆուտբոլային որակներից:
Այս տղայի հետ մեկտեղ մենք ունեցանք ևս մեկ ֆուտբոլիստ, ով էլ ավելի մեծ մրցակցություն կապահովի Հայաստանի հավաքականում»,- ասել է Կապառոսը:

Հարց է հնչել նաև այն մասին, որ Հայաստանի առաջնությունում 5 տարի խաղալու փորձ ունի նաև «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Անգուլո Վբեյմարը: Արդյոք նրան հետևո՞ւմ է Խոակին Կապառոսը, և արդյոք հնարավո՞ր է հավաքականում նորից տեսնենք կապանյան մեկ այլ ֆուտբոլիստի՝ Գեղամ Հարությունյանին.
«Չէի ցանկանա խորանալ անունների մեջ: Բայց անկասկած հնարավոր կլինի, որ մենք այդ ֆուտբոլիստին հրավիրենք: Չի բացառվում: Նույնը կարող եմ ասել Գեղամ Հարությունյանի մասին, մենք չենք կարող անտեսել ոչ մի հայ ֆուտբոլիստի: Եթե գտնենք նպատակահարմար, անպայման կհրավիրենք»,- եզրափակել է իր խոսքը Խոակին Կապառոսը:

Խոսելով հավաքականի մյուս հնարավոր նորեկների, մասնավորապես Լուկաս Զելարայանի մասին, Կապառոսը մասնավորապես ասել է.
«Իհարկե, այդ խաղացողները կարող են հետաքրքիր լինել մեզ համար, բայց քանի դեռ չգիտենք՝ արդյոք նրանց՝ հավաքականին միանալը հնարավոր է, թե ոչ, չեմ ցանկանա խոսել այդ մասին»: