Իսպանացի նախկին մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Աթլետիկ»-«Ռեալ» խաղի վիճելի դրվագները (0-1).
«Դանի Գարսիայի խախտումը Մարսելոյի նկատմամբ 11-մետրանոց էր: «Աթլետիկի» ֆուտբոլիստը կանգնեց Մարսելոյի ոտքին՝ գնդակին դիպչելուց մի քանի վայրկյան առաջ: Մրցավարի որոշման մեջ կասկածելու պատճառ չունեմ:
Սերխիո Ռամոսի և Ռաուլ Գարսիայի հպումը ևս 11-մետրանոց էր: Նշանակություն չունի՝ արդյոք Ռամոսը ցանկանո՞ւմ էր խախտել կանոները, թե՞ ոչ: Նախկինում ես այս դրվագին ուշադրություն չէի դարձնի, բայց ներկայիս կանոնների համաձայն դա 11-մետրանոց էր»,- Գոնսալեսի խոսքերն է փոխանցում AS-ը:

«Ռեալը», վաստակելով 77 միավոր, գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» արդեն 7 միավորով է զիջում մադրիդցիներին, սակայն կապտանռնագույնները 1 խաղ պակաս են անցկացրել: «Աթլետիկը» 48 միավորով 8-րդ տեղում է: