«Արարատ-Արմենիայի» երկրպագուների ALFA ակումբի անդամները խնդրանքով դիմել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին:
Երկրպագուները խնդրում են հնարավորության դեպքում թույլ տալ որոշակի քանակությամբ երկրպագուների մուտքը VBet Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Նոայի» հետ խաղին, որը կկայանա հուլիսի 10-ին.
«Հարգելի պարոն Մելիքբեկյան,
Ձեզ դիմում ենք որպես հայկական ֆուտբոլի երկրպագուներ:
Մեր խնդրանքն է հնարավորության դեպքում քայլեր ձեռնարկել և թույլ տալ Հայաստանի Vbet գավաթի եզրափակիչ խաղին երկրպագուների ներկայությունը:
Հաշվի առնելով երկրում տիրող արտակարգ իրավիճակը՝ որոշ սահմանափակումներով թույլ տալ «Արարատ-Արմենիա» և «Նոա» ակումբների երկրպագուների մուտքը մարզադաշտ` պահպանելով պարետատան սահմանած նորմերը (ջերմաչափում, դիմակների առկայություն, պահպանել 3 նստատեղ սոցիալական հեռավորություն, և այլն):
Ֆան ակումբները պատրաստ են խաղից մեկ օր առաջ խաղի պատվիրակին ներկայացնել ֆան ակումբների անդամների ցուցակը` բաղկացած առավելագույնը 50 երկրպագուներից:
Կարևորելով ՀՖՖ-երկրպագուներ համագործակցությունը` հուսով ենք, որ ըմբռնումով կմոտենաք հետևյալ հարցին և չեք մերժի մեր խնդրանքը: Երկու թիմերի երկրպագուների համար էլ կարևոր հանդիպում է սա, և մենք ուզում ենք մեր թիմերի կողքին լինել:
Նախապես շնորհակալություն:
Հարգանքներով`
ԱԼՖԱ ֆան ակումբ»:
