Ամենաարագ մարզաձևը վերադառնում է՝ իրական տոն պարգևելով իր երկրպագուներին։ Նրանք Ֆորմուլա-1-ի վերադարձին սպասել են շատ երկար։ 250 օր է անցել Աբու Դաբիի Գրան-պրիից։ Կորոնավիրուսի պանդեմիան խոչընդոտել էր նաև Ֆ1-ի արշավներին։
Եվ հիմա՝ 2020 թվականի հուլիսի 4-ին, Ավստրիայի Սփիլբերգ քաղաքում սկսվում է Ֆորմուլա-1-ի 2020 թվականի մրցաշրջանը։ Իհարկե, առանց երկրպագուների, իհարկե անվտանգության ու հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ, ինչպես ընդունված է այս օրերին աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Ներկա պահին հստակ են մեկնարկային 8 արշավների ժամանակացույցը։ Իհարկե, կան որոշակի տարօրինակ դրսևորումներ, որոնք չէիր տեսնի նախորդ տարիներին։ Մասնավորապես, Ավստրիայում և Մեծ Բրիտանիայում կայանալու է 2-ական Գրան-Պրի։
Քանի որ մրցաշրջանը նախորդներից էապես տարբերվելու է Գրան-պրիների քանակով, դժվար է կանխատեսելը, թե ինչ վերջնարդյունք կլինի մրցաշրջանի ավարտից հետո։ Ամեն դեպքում մենք փորձել ենք վերհանել, թե ինչ ինտրիգներ կան 2020-ի մրցաշրջանում ու ինչ սպասել նրանից։

Դե իհարկե սկսենք Սեբաստիան Ֆետելից։ Գերմանացի արշավորդի համար սա վերջին մրցաշրջանն է «Ֆերարիի» կազմում։ Ֆետելը 2020-ի ավարտից հետո լքելու է «Ֆերարին», իսկ թե որտեղ է նա շարունակելու կարիերան դեռևս անհայտ է։ Հայտնի է, սակայն, թե ով է փոխարինելու Ֆետելին «կարմիր թիմում»։ Իսպանացի արշավորդ Կառլոս Սայնսը «Մակլարենից» կգա «Ֆերարի», բայց դա արդեն 2021-ին։

Շատերին է հետաքրքրում, թե ինչ կկարողանա անել աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը իր երազանքի թիմի հետ վերջին մրցաշրջանում։ Այո՛, Ֆետելը 4 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, սակայն ոչ մի անգամ դա չի արել «Ֆերարիի» հետ։ Բոլոր չեմպիոնությունները «Ռեդ Բուլի» հետ են։ Եթե հետևենք մոտոսպորտային մամուլի հրապարակումներին, ապա կարող ենք փաստել, որ այս մրցաշրջանում «Ֆերարիից» սպասումները շատ չեն։ Շատերի պնդմամբ (անգամ Ֆետելի թիմակից Շարլ Լեկլերի)՝ «Ֆերարիի» այս տարվա բոլիդը զգալիորեն զիջում է նախորդ տարիների բոլիդին։ Եվ առհասարակ, դժվար է պատկերացնելը, թե ինչպես է Ֆետելը մեծ հաջողություն գրանցելու այն պարագայում, երբ անցած տարի նա ներթիմային դիմակայությունում երբեմն բացահայտ կերպով զիջում էր Լեկլերին։
Շումախերի ռեկորդին այդքա՜ն մոտ
Մյուս ինտրիգը, իհարկե, Ֆ1-ի «այլմոլորակային» մասսային է վերաբերվում։ Լյուիս Հեմիլթոնը կարող է 7-րդ անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն։ Այդ դեպքում նա կհավասարվի լեգենդար Միխայել Շումախերին, որը ևս 7 անգամ է Ֆ1-ի աշխարհի չեմպիոն դարձել։

Իհարկե, Լյուիսը գլխավոր ֆավորիտն է։ Նա Ֆ1-ի չեմպիոն է վերջին երեք տարիներին։ Ընդհանուր առմամբ՝ նա հաղթել է 6 անգամ։ Հեմիլթոնը կարանտինի ընթացքում հայտարարեց, որ իր մտքում եղել է մեկ տարվա հանգստի գնալու միտքը։ Անգլիացի արշավորդը կորոնավիրուսային դադարի մեջ տեսավ նաև լավը։ Նա այս ժամանակահատվածը օգտագործել է լիաթոք հանգստի վրա։ Հեմիլթոնը վերադառնում է նորովի։
NewGen-ի ժամանակն ու հնաբնակների մոտիվացիան
Շատ են խոսակցությունները, որ այս մրցաշրջանում բավականին լավ շանսեր ունի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու Մաքս Ֆերստապենը։ Նախ խոսվում է այն մասին, որ «Ռեդ Բուլլը» ուժեղ բոլիդ է պատրաստել, որը հնարավորություն կտա Մաքսին գնալ իր երազանքի հետևից։ Առհասարակ «Ռեդ Բուլլը» չի թաքցնում, որ բոլիդները ստեղծում է առաջին հերթին հենց ըստ Մաքսի հարմարության։ Եթե բոլիդը իսկապես լավն է, դրանից գերազանցապես շահում է Ֆերստապենը։ Իհարկե, չմոռանանք նաև Ալեքս Ալբոնի մասին, որը կարող է լուրջ մրցակցություն ցուցաբերել ներթիմային պայքարում։

Չմոռանանք Պիեր Գասլիի, Ջորջ Ռասելի մասին, որոնք նույնպես երիտասարդ արշավորդների թվին են պատկանում։ Գասլին հանդես է գալիս «Ալֆա Տաուրիում», Ռասելը՝ «Ուիլյամսում»։ Այս տարի Ֆ1 է վերադառնում նաև Էստեբան Օկոնը։ Հեռանկարային ֆրանսիացին վարելու է «Ռենոյում»։ Սպասելիքները մեծ են նաև Կառլոս Սայնսից, որը վերջին տարին է անցկացնում «Մակլարենում»։ Մյուս տարի նա միանալու է «Ֆերարիին»։
Մյուս տարի թիմը փոխում է նաև Դանիել Ռիկարդոն։ «Ռենոյի» արշավորդը գալիս է «Մակլարեն»։ «Ռեդ Բուլից» հետո ավտրալացի արշավորդը ասես չի գտնում իր տեղը։ «Հնաբնակներից» ապացուցելու բան ունեն թե՛ Ռիկարդոն, թե՛ Վալտերի Բոտտասը, թե՛ Կևին Մագնուսենը։

Անկախ ամեն ինչից, կանխատեսումներ անելը շատ բարդ է այս մրցաշրջանի համար։ Սպասենք որակավորման մրցարշավին, իսկ կիրակի արդեն հիմնական արշավին։ Թերևս այդ ժամանակ որոշակիորեն հասկանալի կդառնա, թե ինչ սպասել այս մրցաշրջանից։
Եվ վերջում, ձեզ հետ կիսվեմ ուրբաթ կայացած մարզումային արշավի արդյունքներով։

Աշխարհի ամենաարագ մարզաձևի՝ Ֆորմուլա-1-ի երկրպագուներին շնորհավորում եմ մրցաշրջանի մեկնարկի կապակցությամբ։
Արամ Սահակյան