Կա՞ թիմ, որի խաղին միշտ երազել եք ներկա լինել: Կա՞ խաղ, որը երբեք չեք մոռանա: Եթե ձեզ հարցնեն՝ ո՞րն է երբևէ ձեր դիտած ամենադիտարժան հանդիպումը, ո՞ր խաղը կմատնանշեք… Մարզական լրագրությամբ զբաղվում են մարդիկ, որոնց համար սպորտը տարերք է, որոնք նույնպես երազում են սիրելի թիմի խաղին մի օր մարզադաշտից հետևելու մասին:
ArmSport-ը նոր շարք է սկսել՝ մեր գործընկերների հուշերով ձեզ տեղափոխելու մարզադաշտեր, որտեղ նրանք ներկա են եղել իրենց համար ամենահիշարժան խաղերին:
Այս անգամ, սակայն, հեռացել ենք ֆուտբոլից ու Armenpress-ի մեր գործընկեր Վարվառա Հայրապետյանի հետ տեղափոխվել Ռիո դե Ժանեյրո, Օլիմպիական խաղեր։

Մի ասացվածք կա` չկա զինվոր, որ չի ուզում գեներալ դառնալ: Եթե այն վերաձևակերպենք մարզական լրագրողների համար կստացվի` չկա մարզական լրագրող, որը չի ուզում Օլիմպիական խաղերը լուսաբանելու գոնե մեկ առիթ ունենալ:
Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերը խոստումնալից էր թվում` սպասումները շատ էին, ակնկալիքները` մեծ: Հայաստանն այդ խաղերին մասնակցում էր մեծ թիմով` 33 մարզիկ․ անկախ Հայաստանի համար ռեկորդային թիվ էր:
Ավելի քան 30 հազար լրագրող, որոնք աշխարհի տարբեր ծայրերից եկել էին լուսաբանելու 10 500 մարզիկների մրցելույթները:
Հենց Օլիմպիական խաղերի ժամանակ է, որ դու մարզական կյանքի զարկերակին ես. օրդ սկսվում է առավոտ կանուխ և ավարտվում կեսգիշերն անց, իսկ հոգնածության մասին խոսք լինել չի կարող․․․և այսպես մոտ երեք շաբաթ:
Ռիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկը այդքան էլ լավ չէր, մենք մեծ ակնկալիքներ ունեինք ծանրորդներից, հատկապես Անդրանիկ Կարապետյանից, ում կես քայլ էր բաժանում մեդալից, սակայն այդ դաժան վնասվածքը կոտրեց մեր հույսերն ու մի պահ մեզ ետ իջեցրեց երկիր ու հասկացրեց․
Օլիմպիական խաղերը ավելին են, քան մարզական մրցաշարը և այստեղ հաղթում են նրանք, ովքեր ոչ միայն մկանների ուժ ունեն, այլև մտովի են ամուր` հոգեբանորեն պատրաստ: Երբեք չեմ մոռանա Անդրանիկի ցավի գոռոցը և այն սարսափը, որ անցավ մեր միջով: Ցնցված էինք…

Մինչ խաղերը հունի մեջ էին ընկնում, մենք` ինքներս մեզ համար, առիթ և հնարավորություն ստեղծեցինք ներկա լինելու թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերից մեկին, որտեղ մրցում էին սերբ Նովակ Ջոկովիչը և արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն: Սա ավելին էր քան պարզապես խաղ` դել Պոտրոյի համար սա փյունիկի պես հառնելու առիթ էր՝ մեծ ու երկար վնասվածքներից հետո: Խուանը հաղթեց Նովակին և ես առաջին անգամ մոտիկից տեսա մեծագույն մարզիկներից մեկի արցունքները: Ջոկովիչը խաղի ավարտին անմիջապես լքեց կորտը, բայց մեզ հաջողվեց տեսնել նրան և նկարվել:

Օլիմպիական խաղերի հսկայածավալությունը նկարագրելու համար մի քանի փաստ նշեմ․ մենք` մարզական լրագրողներս, մնում ենք Միջազգային Օլիմպիական կոմիտեի կողմից առաջարկված «գյուղում»: Եվ Ռիոյում այն մեդիա կենտրոնից հեռու էր մոտ մեկ ժամ: Մեծ ուսապարկում ամեն օր քեզ հետ շրջում են մեծ նոթբուքերը, և օրվա ավարտին առանց ուսապարկի դու քեզ բմբուլի պես թեթև ես զգում:

Հայաստանն առաջին մեդալը այս խաղերում նվաճեց օգոստոսի 15-ին: Այս պահի պես հիշում եմ. 105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը մոտենում է ծանրաձողին` հրում վարժության երկրորդ մոտեցման: Այն փոխելու էր Մարտիրոսյանի ճակագատագիրը մեկընդմիշտ: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկա, սակայն նրա երկու քայլերի ընթացքում` մինչ մոտենար ծանրաձողին, դահլիճում կատարյալ լռություն տիրեց… տարօրինակ բղավոց… բարձրացում… և այո, ծանրաձողը ֆիքսված է, նա բարձրացրեց 227կգ: Սիմոնը նվաճեց առաջին արծաթե մեդալը, և ամեն ինչ սկսվեց:

Օգոստոսի 16-ը տարօրինակ զգացումներով եմ հիշում, բայց լարվածությունը գագաթնակետին էր հասել: Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը մեկը մյուսի հետևից հաղթելով մրցակիցներին դուրս եկան եզրափակիչ: Կարծում եմ՝ բոլորս ենք հիշում Միհրանի գոտեմարտը, անարդարությունը և այն` ինչպես աշխարհը փակեց աչքերն այդ ամենի վրա: Լրագրողներիս համար այս երեկոն վայրկյանի արագություն ուներ: Մենք մարզադահլիճից վազում էինք մեդիայի համար նախատեսված մեծ տաղավար և նորից հետ: Գոնե լավն այն էր, որ երկու կառույցների միջև ընկած տարածությունը մեծ չէր: Հետո հերթն Արթուր Ալեքսանյանինն էր… նա հաղթեց, նա հաղթեց ու մի պահ կանգնեցրեց ժամանակը, երբ պարգևատրման ժամանակ ամբողջ աշխարհին ներկայացավ Ռոբերտ Աբաջյանի շապիկով:
Մենք ժպտում էինք, քանի որ 20 տարի անց Հայաստանն էլի ոսկե մեդալ ուներ, մենք փորձում էինք զսպել արցունքները, քանի որ Հայաստանը դրանից օրեր առաջ կորցրել էր իր հպարտ որդիներին:
Եզրափակիչ ակորդը Գոռ Մինասյանինն էր: Այստեղ կարելի է ասել, որ երբեմն արծաթը ոսկի արժի, երբ գիտես` ով է մրցակիցդ:

Ինչևէ, խաղերը մոտենում էին ավարտին և երազանքս` իմ 8 տարվա ծածուկ, ուժեղ, անկոտրում երազանքս էլ ավարտվում էր: Երբ ընդունվում էի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ինքս ինձ խոստացել էի` հասնել նրան, որ Օլիմպիական խաղերը լուսաբանեմ: Այնպես որ`
Երազե՛ք մեծ, երազե՛ք ուժեղ, երազե՛ք անսպառ, անո՛ւշ երազեք…
Ռիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը լի էին նոր, կարևոր և արժեքավոր փորձով, որը փոխեց` որպես մարզական լրագրողի իմ աշխարհայացքը:
Հաջորդը Տոկիոն է…
Շարքի համակարգող՝ Ստելլա Բաբլոյան
Շարքի նախորդ նյութերը՝
Վալերյանկա+ֆուտբոլ=ՍԵՐ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Հայերով ցնծում էինք, իսկ Մխիթարյանը մխիթարում էր Սոկրատիսին․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Անընդհատ նայում էի ու աչքերիս չէի հավատում․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Գնալով երազանքին ընդառաջ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Լինում են խաղեր, երբ ոչնչով չես տարբերվում երկրպագուից․ մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Լեհ կոլեգաներս ներողություն էին խնդրում Լևանդովսկու գոլի համար․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Ամենահիշարժան խաղը, որին ներկա եմ եղել․ Պատմում են լրագրողները