Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկից 12 տուր է անցել, իսկ Առաջին խմբի մեկնարկից՝ 13:
Բավականին գոլառատ առաջնություններում համառ պայքար է նաև ռմբարկուական մրցավազքերում:
Armsport.am-ը առաջնությունների աղյուսակներից վար է իջել՝ հայացք գցելով ռմբարկուական մրցավազքերին:
Բարձրագույն խումբ
Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության ռմբարկուական մրցավազքը գլխավորում է «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն: Իվուարցի ֆուտբոլիստը 11 գոլ է խփել և 5 գոլի տարբերությամբ գերազանցում է 2-րդ տեղում գտնվող Մաքսիմ Մայրովիչին («Նոա»):
Հատկանշական է, որ 22-ամյա գոլահարը 4 գոլ ավելի է խփել «Երևանից» և նույնքան, որքան ամբողջ «Գանձասար-Կապանը»:
Գյումրիի թիմն, ընդհանուր առմամբ, 20 գոլ է խփել և, ստացվում է, որ կեսից ավելին Կոնեն իր անվան դիմաց է գրանցել:

Ինչպես նշեցինք, 6 գոլ է խփել Մայրովիչը. 1 գոլ պակաս, ինչ «Երևանը»:
Հավելենք, որ 5-ական գոլի հեղինակ են դարձել Մաիլսոն Լիման («Արարատ-Արմենիա»), Ջոնել Դեսիրեն («Լոռի»), Արթուր Միրանյանը («Փյունիկ»), Գուստավո Մարմենտինին և Ալեքսանդր Գլիշիչը (երկուսն էլ «Ալաշկերտ»):
Հատկանշական է, որ ևս 5 ֆուտբոլիստներ 4-ական գոլ են խփել. Դենիս Մահմուդովը («Փյունիկ»), Եվգենի Կոբզարը («Ուրարտու»), Դենիս Դեդեչկոն, Վիլսեն Ժունիոր (երկուսն էլ «Արարատ») և Ռամազան Իսաևը («Երևան»). ի դեպ, վերջինս խփել է այս առաջնությունում իր թիմի գոլերի կեսից ավելին:
Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում (բաղկացած էր 32 տուրից) լավագույն ռմբարկուի կոչմանն արժանացել էր «Լոռիի» հարձակվող Դեսիրեն, ով խփել էր 17 գոլ: Կոնեին այդ արդյունքից 6 գոլ է բաժանում:

Առաջին խումբ
Ինչպես հայտնի է, Առաջին խմբի ընթացիկ առաջնությունը շատ ավելի գոլառատ է: Հայաստանի ֆուտբոլային 2-րդ լիգայի ռմբարկուական մրցավազքը շատ ավելի հագեցած է:
Ռմբարկուների ցուցակը գլխավորում է տարվա հայտնություններից մեկը՝ «Արարատ-Արմենիայի» հարձակվող Հակոբ Խաչատրյանը: 19-ամյա ֆուտբոլիստը արդեն իսկ 15 գոլ է խփել և միանձնյա գլխավորում է մրցավազքը:
Հատկանշական է, որ երիտասարդ ֆուտբոլիստը ավելի շատ գոլ է խփել, քան վերջին տեղերում գտնվող «Դիլիջանը» (10 գոլ) և «Անին» (4 գոլ)՝ միասին վերցրած:
Խաչատրյանը Բարձրագույն և Առաջին խմբում միակ ֆուտբոլիստն է, ով ավելի շատ գոլ է խփել, քան իր թիմը հանդիպում է անցկացրել (12 խաղ):

2-րդ հորիզոնականում «Արագածի» հարձակվող Ալեն Կարապետյանն է, ով 12 գոլ է խփել. նա ավելի շատ է դարպասը գրավել, քան «Դիլիջանը» և «Անին»:
3-5-րդ հորիզոնականների ֆուտբոլիստները համառ պայքարի մեջ են և նույնպես հավակնում են լավագույն ռմբարկուի կոչմանը: Ժիրայր Շաղոյանը (ԲԿՄԱ), Էրիկ Պետրոսյանը («Ուրարտու-2») և Սերգեյ Օրլովը («Վեսթ Արմենիա») 11-ական գոլ են խփել: 10 գոլով պայքարին պատրաստ են միանալ «Վեսթ Արմենիայի» հարձակվող Միխայիլ Ժաբկինը և «Լոկոմոտիվի» առաջատարներից Կարապետ Մանուկյանը:
Առաջին խմբում նախորդ առաջնության արդյունքը անգերազանցելի է թվում: Այն ժամանակ «Երևանի», ներկայում «Փյունիկի» հարձակվող Ստանիսլավ Եֆիմովը 46 գոլ էր խփել` հետապնդող 3 ֆուտբոլիստներից առաջ լինելով 29 գոլով:
Արման Առաքելյան