«Ուրարտուի» 22-ամյա հարձակվող Էրիկ Պետրոսյանը ԲԽ-ի 21-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ խաղում փոխարինման մտնելուց վայրկյաններ անց գոլ էր հեղինակել ու նպաստել իր թիմի հաղթանակին:
«Փյունիկ»-«Ուրարտու» (1-2) այդ խաղն առհասարակ նշանակալի էր հայկական ֆուտբոլի համար. երկու թիմերի կազմերում էլ խաղաժամանակ ստացան երիտասարդ հայ ֆուտբոլիստները. նրանցից ոմանք իրենց նորամուտը նշեցին Բարձրագույն խմբում, Աբրահամ Պորտուգալյանն իր առաջին գոլը խփեց «Ուրարտուի» կազմում, իսլ Էրիկ Ազիզյանն («Փյունիկ») առհասարակ իր առաջին գոլը հեղինակեց ԲԽ-ում… այդուհանդերձ Պետրոսյանն ArmSport-ի հետ զրույցում ընդգծում է՝ ցավալի է, որ մրցաշարային իմաստով այլևս խնդիրներ չկան.
«Ուրախ եմ, որ խաղալու հնարավորություն ստացա, միայն թե ափսոս, որ այլևս մրցաշարային իմաստով խնդիրներ չկան: Ամեն դեպքում տեսանք, որ երկու թիմում էլ երիտասարդները շատ լավ էին հանդես գալիս, պայքարում էին ամեն գնդակի համար ու փորձում էին ապացուցել, որ արժանի են նաև այն ժամանակ խաղալու, երբ մրցաշրջանում պետք է ինչ-որ բան որոշվի: Ինչ վերաբերում է «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակին, ապա կարծում եմ՝ ես և Աբրահամ Պորտուգալյանը, մտնելով փոխարինման, փոխեցինք խաղը, արագացրեցինք տեմպն առջևի գծում ու արդյունքը մեր կողմը եղավ»,- ասում է Էրիկ Պետրոսյանը:
Նա նշում է՝ «Ուրարտուի» երկրորդ թիմում շատ են լավ երիտասարդները, ովքեր հետագայում կարող են օգնել առաջին թիմին.
«Ֆուտբոլային կյանքը լի է փորձություններով, պետք է հաղթահարել յուրաքանչյուր փորձություն: «Ուրարտու-2»-ում շատ լավ երիտասարդներ կան, ովքեր հետագայում միանշանակ կօգնեն գլխավոր թիմին: Ի տարբերություն մյուս ակումբների երկրորդ թիմերի՝ «Ուրարտուում» շատ են հայ լավ երիտասարդները»:

Ի դեպ, սա Էրիկ Պետրոսյանի առաջին գոլն էր «Ուրարտուի» կազմում՝ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում: Ասում է՝ գոլն, իհարկե, դրական լիցքեր հաղորդել է, սակայն, խաղալով առջևի գծում, դա իր առաջադրանքն է.
«Ինձ համար գոլ խփելը նորմալ ու բնական երևույթ է: Ես խաղում եմ առջևի գծում և դա իմ առաջադրանքն է: Դեռ իմ լավագույն մարզավիճակում չեմ: Կարծում եմ՝ առաջին թիմում մի քանի խաղ անցկացնելուց հետո արդեն լավ մարզավիճակ կհավաքեմ»:
Այն, որ գոլ խփելը 22-ամյա հարձակվողի համար «նորմալ ու բնական երևույթ» է, կարելի է համոզվել՝ հետևելով նրա ելույթներին Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Դադարից հետո «Ուրարտու-2»-ի կազմում անցկացրած 2 խաղում Էրիկը 4 գոլ է խփել՝ դուբլեր ձևակերպելով «Շիրակ-2»-ի (5-1) և «Փյունիկ-2»-ի հետ (4-3) խաղերում: Առհասարակ, Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում Էրիկ Պետրոսյանն արդեն 24 գոլ է խփել ու ռմբարկուների ցանկի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում.
«Առաջին խմբում խաղում եմ իմ հնարավորությունների սահմանում ու ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար: 2 խաղում 4 գոլը, կարծում եմ, լավ ցուցանիշ է: Ինչպես տեսաք, այդ գոլերն ինձ ուղևորեցին առաջին թիմ ու այնտեղ էլ դարձա գոլի հեղինակ»,- խոստովանում է ֆուտբոլիստը:

«Առաջին խմբում ամեն ինչ շատ լավ է: 2 խաղ ենք անցկացրել դադարից հետո ու 2 հաղթանակ տարել: Լավ մարզավիճակում ենք, կշարժվենք առաջ: Ցանկանում ենք լավ ֆուտբոլ ցուցադրել ու բարձր հորիզոնականներ զբաղեցնել»,- շարունակում է իր խոսքը 22-ամյա ֆուտբոլիստը:
Հատկանշական է, որ Էրիկը բավականին ուշ՝ 10 տարեկանում է սկսել զբաղվել ֆուտբոլով: Ասում է ՝ առաջին մարզումից հետո անմիջապես խաղի է մասնակցել ու գոլի հեղինակ դարձել.
«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից՝ խաղալով «Փյունիկում»: Առաջին մարզումից հետո ինձ ասացին. «Վաղը ծնողներիդ հետ կներկայանաս» 🙂 Միանգամից արդեն հաջորդ օրը մասնակցեցի խաղի, դարձա գոլի հեղինակ»,- վերհիշում է Էրիկը:
Հետաքրքրական է, որ ԲԽ-ի ընթացիկ առաջնությունում իր առաջին գոլն Էրիկը հեղինակեց հենց իր նախկին թիմի՝ «Փյունիկի» հետ խաղում.
«Այո, ես երկար տարիներ եմ անցկացրել «Փյունիկում» ու փորձել եմ օգնել թիմին՝ իմ ուժերի ներածին չափով, բայց դասավորվեց այնպես, որ պետք է հեռանայի այդ ակումբից: Հիմա իմ ակումբն «Ուրարտուն» է, ու ես շատ ուրախ եմ, որ օգնեցի «Ուրարտուին» հաղթանակի հասնել «Փյունիկի» նկատմամբ»,- խոստովանում է Էրիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ «Ուրարտուն» Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության անցումային խմբում է ընդգրկված և այլևս հնարավորություն չունի պայքարելու մրցանակային տեղերի համար: 20 խաղից հետո թիմը 29 միավոր ունի իր ակտիվում ու մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
ԲԽ-ի շրջանակում իր հաջորդ հանդիպումն «Ուրարտուն» կանցկացնի հունիսի 17-ին՝ Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվելով «Գանձասար-Կապանի» կողմից: Խաղի մեկնարկը 18:30-ին է:
Նարե Հովհաննիսյան
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի և «Ուրարտուի» մամուլի քարտուղարության