Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի վերջին խաղում միմյանց հետ կմրցեն «Փյունիկը» և «Ուրարտուն»։ Հանդիպումը կկայանա հունիսի 9-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է փաստեր այս դիմակայության մասին․
Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում երկու ակումբներն էլ գտնվում են անցումային խմբում։ Թիմերն իրենց ակիտվում ունեն 26-ական միավոր և կիսում են 6-7-րդ հորիզոնականները։ Նախորդ տուրում «Ուրարտուն» Հակոբ Հակոբյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ, իսկ «Փյունիկը» տուրը բաց թողեց, քանի որ մրցակիցը «Երևանն» էր։ Ընթացիկ մրցաշրջանում թիմերը միմյանց հետ մրցել են 3 անգամ` 2 անգամ առաջնությունում, 1 անգամ գավաթի խաղարկությունում։ Առաջնության 2-րդ տուրում կայացած խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ պարտվեց 0-3 հաշվով։ «Փյունիկի» կազմում աչքի ընկան Արտակ Եդիգարյանը, Արթուր Միրանյանը և Արտյոմ Սիմոնյանը։ 11-րդ տուրում կայացած խաղում «Ուրարտուն» արդեն մրցակցի հարկի տակ առավելության հասավ 2-1 հաշվով։ Աչքի ընկան Եվհեն Բուդնիկն ու Խուան Ասոկարը, իսկ «Փյունիկի» միակ գնդակը հեղինակեց Արտակ Եդիգարյանը։ Թիմերը հանդիպել են նաև Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում: Հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Ուրարտուի» ֆուտբոլիստները և քառորդ եզրափակչի ուղեգիր վաստակեցին։
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Թիմերը միմյանց հետ մրցել են 82 անգամ։ Առավելությունը «Փյունիկի» կողմն է, որն այս դիմակայությունում հաղթել է 42 անգամ, «Ուրարտուն» առավելության է հասել 19 անգամ, իսկ 21 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Խփված և բաց թողած գոլերի հարաբերակցությունը 147-90 է հօգուտ «Փյունիկի»։ Թիմերը 4 անգամ հանդիպել են Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում։

1 անգամ հաղթել է «Ուրարտուն» (նախկին «Բանանց»), իսկ 3 անգամ գավաթին տիրել է «Փյունիկը» (նախկին «Հոմենեթմեն»)։ Այս դիմակայություններում ամենից շատ աչքի ընկած ֆուտբոլիստը Գևորգ Ղազարյանն է, որը 8 գոլ է հեղինակել։ Ի դեպ, Ղազարյանը հանդես է եկել երկու ակումբներում էլ։ «Ուրարտուի» կազմում ամենից շատ գոլ «Փյունիկի» դարպասն ուղարկել են Արամ Հակոբյանն ու Սամվել Մելքոնյանը՝ 6-ական գնդակ։
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽԱՂԱՑԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԹԻՄԵՐՈՒՄ
«Ուրարտուի» ներկայիս կազմից միայն Անատոլի Այվազովն է, որ հանդես է եկել «Փյունիկի» կազմում։ Այվազովը երկու մրցաշրջան անցկացնելով «Փյունիկում», դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր։ «Փյունիկի» կազմում 4 ֆուտբոլիստ կա, որոնք նախկինում խաղացել են «Ուրարտուում»՝ Արմեն Մանուչարյանը, Մֆինգի Մագեմա Գայը, Դենիս Մահմուդովը և Արտակ Եդիգարյանը։ Ի դեպ, վերջերս պարզ դարձավ, որ Եդիգարյանն այլևս հանդես չի գալու «Փյունիկի» կազմում։
Վերջում հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի «Փյունիկ» — «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում հունիսի 9-ին և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների։