Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության նորեկ «Լեռնային Արցախը» բաց է թողել առաջնության վերջին 2 հանդիպումները: Հատկանշական է, որ չկայացած հանդիպումների վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չկար ոչ ակումբի, և ոչ էլ ֆեդերացիայի կողմից:
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված Արցախի Հանրապետության պարետը թույլ չի տվել ակումբին անցկացնել տնային և արտագնա հանդիպումները: Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ թիմի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանից.
«Խաղերը չեն կայացել, քանի որ մեր պարետը թույլ չի տվել: Իմ տեղեկություններով, ՀՖՖ նախագահի և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի միջև կայացած հանդիպմանը որոշվել է, որ մենք մեր տնային խաղերը Սիսիանի փոխարեն կանցկացնենք Ձորաղբյուրում: Առաջիկա օրերին կտեղափոխվենք Երևան և կլրացնենք նաև բաց թողած հանդիպումները»,-ասաց թիմի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը:
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրից հետո արցախյան թիմը 19 միավորով 12-րդ տեղում է: