Երևանի «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը երեկ կրկին սոցցանցերում բարձրաձայնեց վերջին ամիսներին քննարկվող այն հարցը, որ «Փյունիկը» ամբողջությամբ իր առջև չի կատարել ֆինանսական պարտավորությունները.
«ՀՖՖ Վեճերի լուծման պալատի՝ սույն թվականի ապրիլի 6-ի որոշմամբ սահմանվել էր, որ «Փյունիկը» պետք է ինձ երեք մասով «քիչ-քիչ» վճարի և հունիսի 1-ին վերջնական կատարի իր ֆինանսական բոլոր պարտավորություններն իմ նկատմամբ, բայց այդպես էլ չկատարեց՝ հավատարիմ մնալով իր գործելաոճին, որը հենց սկզբից որդեգրել էր ակումբը` նախագահ Սողոմոնյանի կարգադրությամբ. ամեն կերպ խախտել, չկատարել, ձգձգել, փորձել ինչ-որ բան պոկել, քցել, քչացնել, մարդ ուղարկել և այլն»,-գրել էր Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ Էդգար Մանուչարյանը պատմել էր, թե ինչպես է հեռացել Փյունիկից, ինչ խնդիրներ ունի այն ակումբի հետ, որտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով:
Այս խոսակցություններին Armsport-ի հետ զրույցում անդրադարձել է «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

«Ես անկեղծորեն զարմացել էի՝ լսելով Էդգար Մանուչարյանի՝ «Փյունիկին» ուղղված մեղադրանքները: Եթե դուք նայեք ընթացիկ մրցաշրջանում Էդգարի՝ «Փյունիկում» անցկացրած ժամանակահատվածի վիճակագրությունը, ապա կտեսնեք, որ նա 15 տուրում խաղացել է ընդամենը 30 րոպե՝ աչքի չընկնելով և ոչ մի արդյունավետ գործողությամբ: Այնուամենայնիվ, ակումբը մինչև ձմեռային դադարը շարունակեց Մանուչարյանի հետ համագործակցությունը և չխզեց նրա հետ պայմանագիրը մինչև տրանսֆերային պատուհանի բացումը: Այս ամենի հետ մեկտեղ, ամբողջ այդ ընթացքում մենք զբաղվել ենք նրա բուժմամբ, արել ենք ավելին, քան պարտավորված էինք պայմանագրով՝ և՛ ֆինանսական առումով, և՛ նրա բուժման ու առողջության հետ կապված: Մրցաշրջանի առաջին հատվածի ավարտին, տեսնելով նրա վերաբերմունքը խաղին և մարզումներին մասնակցելու ցանկության բացակայությունը, առաջարկեցինք մարզչական աշխատանքի անցնել «Փյունիկի» ակադեմիայում կամ զբաղվել ադմինիստրատիվ աշխատանքով: Էդգարը նախընտրեց պայմանագրի դադարեցման տարբերակը, որից հետո ակումբը բարեսրտորեն կատարել է բոլոր ֆինանսական պարտավորությունները, որոնք պարտավոր էր ըստ պայմանագրի: Հետագա իրադարձությունները անակնկալ էին ակումբի ղեկավարության համար»,-ասել է Սողոմոնյանը:
Ուշագրավ է, որ վիճող կողմերը Վեճերի լուծման պալատի որոշումն ի կատար ածելու տարբեր ժամանակահատվածներ են նշում․ Մանուչարյանը ֆինանսական պարտավորությունների կատարման վերջանական ժամկետ է հիշատակում հունիսի 1-ը, Սողոմոնյանի հավաստմամբ՝ այդ ժամկետը մինչև հունսի 15-ն է։
Վեճերի լուծման պալատի որոշումը Սողոմոնյանը որակեց առնվազն տարօրինակ ու վտանգավոր.
«Առաջին հերթին, մեր կարծիքով, Վեճերի լուծման պալատը կայացրեց շատ տարօրինակ որոշում՝ վտանգավոր ամբողջ հայկական ֆուտբոլի համար, երբ ակումբին պարտադրվեց վճարել ավելին, քան նախատեսված էր պայմանագրով: Իսկ երկրորդը, Էդգարը սկսեց մամուլում քննադատել իրեն կրթած ակումբին: Ոչ վաղ անցյալում նա ինքն էր խնդրում կարիերան ավարտել հարազատ ակումբում: Իմանալով վնասվածքներով պայմանավորված նրա բոլոր խնդիրներ՝ ընդունել ենք նրան ակումբում ու մեծ ջերմությամբ ենք վերաբերվել ողջ ընթացքում: Էդգարն անձամբ շատ հաճախ մամուլում իր երախտագիտության խոսքն է հայտնել «Փյունիկին»՝ իր նկատմամբ պրոֆեսիոնալ և ուշադիր վերաբերմունքի համար»:
25 հուլիսի 2019․ Վիրահատությունս անցավ շատ նորմալ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկ Մակնասսի Սալախ Տախարվիչին, «Փյունիկ» ակումբի նախագահ պարոն Սողոմոնյանին և ակումբի ողջ անձնակազմին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի համար։ Հիմա ժամանակն է վերականգնվելու ու նայելու այսօրվա շատ կարևոր խաղը։ Առաջ Փյունիկ ❤️❤️
Սողոմոնյանը հավելեց, որ չի ցանկանում մեկնաբանել Մանուչարյանի արարքները և ավելացրեց.
«Այս իրավիճակում ինձ համար այլ հանգամանք է կարևոր. մեկ անգամ ևս ցանկանում եմ հիշեցնել սկսնակ ֆուտբոլիստներին, որ ֆուտբոլիստ դառնալու, սպորտում մեծ բարձունքների հասնելու և պրոֆեսիոնալ բարձր մակարդակի վրա երկար մնալու համար, բավարար չէ միայն լավ ֆուտբոլ խաղալ, անհրաժեշտ է դառնալ անհատականություն և արժանի մարզիկ, չդադարել աշխատել սեփական աճի վրա և երբեք չմոռանալ պատվի և արժանապատվության մասին: Էդգար Մանուչարյանի պատմությունը ևս մեկ անգամ հաստատում է այս համընդհանուր ճշմարտությունը»:
Մանուչարյանն իր հրապարակման մեջ նշել էր, որ ևս մեկ անգամ բողոք-դիմում է ներկայացրել ՀՖՖ․ «Սպասում եմ ՀՖՖ և ՎԼՊ արդարացի որոշման, որի արդյունքում իմ իրավունքները կվերականգնվեն վերջապես, իսկ ակումբը ռեալ պատասխանատվության կենթարկվի»։
Դրան ի պատասխան Սողոմոնյանը նշեց, որ «Փյունիկը» չի հրաժարվում կատարել ՎԼՊ-ի որոշումը.
«Ինչ վերաբերում է վճարումներին, ապա ակումբը մայիսի վերջին դիմել է ֆեդերացիային՝ խնդրանքով, որպեսզի վերանայվի փոխհատուցման գումարը՝ կապված ստեղծված արտակարգ իրավիճակի, առհասարակ աշխավարձերի և փոխհատուցման գումարների կրճատման հետ: Հույս ունենք՝ ստանալ դրական արձագանք: Հակառակ դեպքում, պլանավորում ենք կատարել վճարումը մինչև հունիսի 15-ը, ինչպես սահմանված էր որոշմամբ»,-եզրափակել է ակումբի սեփականատերը: