Ով քնած է՝ արթուն կացե՛ք…Հայկական ֆուտբոլի վերադարձն առավել քան մոտ է…
Կար ժամանակ, երբ միաժամանակ այնքան խաղ էր լինում դիտելու, որ դա էր արդեն նյարդայնացնում: Սակայն վերջին մեկ ամսում ընկել ենք հիշողությունների գիրկը և դիտում ենք պատմության լավագույն խաղերը՝ փորձելով սփոփել ծանր «վիշտը»: Ճիշտ է, ֆուտբոլից չհեռանալու համար ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն բազմապիսի տեսանյութեր են հրապարակում, սոցցանցերում ցուցադրում են ամեն ճաշակի խաղեր: Նույն օրինակին է հետևում նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան՝ մատուցելով հայ ֆուտբոլասերին հետաքրքիրը. հարցազրույցներ՝ հավաքականի խաղացողների հետ, լայվեր, տեսանյութեր, բայց սա էլ բավարար չէ: Ի ուրախություն հայ ֆուտբոլասերի, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ Պարետատան հետ ձեռք բերեց համաձայնություն, ըստ որի, հայկական թիմերը՝ խաղացողների թեստավորումից հետո վերադարձան մարզումների: Մարզումները պետք է անցկացվեն խմբերով՝ պահպանելով անվտանգության կանոնները:
Պահանջվող բոլոր կանոններին հետևում է «Գանձասար-Կապանը»: Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը զրուցել է Armsport-ի հետ ու ներկայացրել թիմում տիրող ներկայիս իրավիճակը:

«Գանձասար-Կապանը մարզումներն իրականացնում է Ավանի ակադեմիայում, այնտեղ մեզ համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Նույնիսկ, տրամադրված է 2 հանդերձարան, որպեսզի խմբերի բաժանված խաղացողները շփում չունենան իրար հետ, և դա այն դեպքում, երբ անգամ կորոնավիրուսի թեստ ենք հանձնել բոլորս: Որոշ ժամանակ գտնվելով տնային մեկուսացման մեջ՝ վերաիմաստավորվեց ամեն ինչ: Հիմա ավելի շատ ենք գնահատում այն, ինչ ունենք, որովհետև հասկացանք, որ շատ կարճ ժամանակում ամեն ինչ կարող է փոխվել անփույթ քայլերի պատճառով: Անչափ շնորհակալ ենք Պարետատանն ու Ֆուտբոլի ֆեդերացիային՝ մեզ մարզվելու հնարավորություն ընձեռելու համար, իսկ մենք մեր հերթին հետևում ենք բոլոր անհրաժեշտ կանոններին»:
Մարզումներին վերադառնալը մեծ երջանկություն էր մեզ համար:
-Պարոն Պետրոսյան, անցկացրել եք առաջին մարզումը, ինչպե՞ս կգնահատեք խաղացողների ֆունկցիոնալ ու ֆիզիկական վիճակը:
-Պետք է խոստովանեմ, որ սպասվածից ավելի լավ վիճակում ենք: Խաղացողներն ունեին անհատական ծրագրեր ու մարզվում էին ըստ այդ ծրագրերի: Կար նաև հրահանգ՝ հետևել սեփական քաշին, և հիմա կարող ենք փաստել, որ մի քանի հոգի քաշի հետ կապված խնդիրներ ունեն, բայց առաջիկա մարզումների շնորհիվ այդ հարցն էլ կլուծվի: Կարող եմ ասել, որ մեկ ամիս, նվազագույնը, անհրաժեշտ կլինի միջինից բարձր մարզավիճակի վերդառնալու համար: Հասկանալի է, որ լավագույն միջոցը ընկերական խաղերն են, որոնք հիմա արգելված են, բայց հուսով ենք, որ երկրում իրավիճակը կկայունանա, և առաջիկայում դրա հնարավորությունն էլ կունենանք:
-Կա՞ն խաղացողներ, որ այլևս թիմի հետ չեն. այսինքն, այս ընթացքում լքել են թիմը:
-Ո՛չ, բոլորը թիմում են: Ոչ մի խաղացող հեռանալու մասին անգամ ակնարկ չի արել: Մենք միասնական թիմ ենք, և այսպիսի խնդիրները չեն կարող մեր ոգին կոտրել: Մենք ուժեղ ենք մեր միասնականության շնորհիվ:
-Թիմի մամուլի ծառայությունը մեզ հետ զրույցում մի քանի օր առաջ հայտնեց, որ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի ու դիմել է ՀՖՖ-ին՝ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ակումբը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի «Ակումբային մասնակցության վճարը» կստանա առաջիկայում՝ վաղաժամ: Դրանով կլուծվե՞ն ֆինանսական խնդիները:
-Եթե ճիշտ եմ տեղյակ, ապա թիմը հովանավորչական խնդիրներ ունի, քանի որ պղնձի ու մոլիբդենի գնի անկում է եղել: Անկեղծ ասած, չեմ ցանկանա խոսել այս թեմայով, քանի որ ի պաշտոնե ես չէ, որ պետք է մանրամասներ հայտնեմ այս թեմայով: Ես կարող եմ միայն ասել, որ մենք միասնական թիմ ենք ու դուրս կգանք այս դժվարին իրավիճակից՝ ձեռք ձեռքի տված:
-Որևէ պատկերացում ունե՞ք, թե երբ կվերսկսվի առաջնությունը:
-Ոչ մի կոնկրետ բան չգիտենք: Սպասում ենք ֆեդերացիայի որոշմանը, որն էլ, հասկանալի է՝ կախված է երկրում տիրող իրավիճակից:
-Թիմը ինչի՞ համար է պայքարելու առաջիկայում՝ հաշվի առնելով, որ կապանյան ակումբը դուրս է մնացել լավագույն վեցնյակից, իսկ գավաթային կիսաեզրափակիչի առաջին խաղում պարտվել է «Արարատ-Արմենիային»:
-Այո՛, պարտվել ենք, բայց պարտվել ենք միայն առաջին խաղում, իսկ առջևում դեռ պատասխան խաղ կա: Ամեն ինչ կանենք, որ լավ հանդես գանք պատասխան խաղում: Կասեմ, որ մոտիվացնելու խնդիր էլ չենք ունենա: Առաջնության մնացած 4 խաղում դուրս կգանք դաշտ ու կպայքարենք հաղթանակի համար:
-Ձևաչափի մասին ի՞նչ կասեք: Ի վերջո, ձևաչափն է ինչ-որ տեղ թիմի մեջ կոտրում մոտիվացիան:
-Շատ կուզեի, որ ձևաչափը լիներ առաջվա նման: Առաջնության սկզբում ինձնից կարծիք են հարցրել ու ես պատասխանել եմ, որ ըստ իս՝ պետք է խաղանք նախկին ձևաչափով, բայց ֆեդերացիան է այս որոշումը կայացրել ու պետք է խաղանք այնպես, ինչպես հրահանգված է: Երբ ես ֆուտբոլիստ էի, շատ էր խոսվում այս ձևաչափի մասին, սակայն այն առաջնության ինչ-որ հատվածում «կոտրում» է մի քանի թիմի՝ զրկելով մեդալային տեղերի համար պայքարելու հնարավորությունից: Եղել է ժամանակ, որ առաջնության առաջին հատվածում լավ չեն խաղացել, բայց հետո կարողացել են հաղթանակների շնորհիվ մրցանակային տեղ գրավել: Առաջնության ավարտից հետո մենք ևս մեկ անգամ մեր խոսքը կասենք, բայց կրկնում եմ՝ հիմա ունենք այն, ինչ ունենք և պետք է շարժվենք այսպես:
-Ինչո՞վ էիք զբաղվում կարանտինային դադարի ընթացքում:
-Հիմնականում ընտանիքիս հետ էի ժամանակ անցկացնում, ֆիլմեր էի դիտում: Կարանտինի դրական կողմն այն էր, որ շատ ժամանակ կարողացա տրամադրել ընտանիքիս: Եվս մեկ դրական կողմ, որ վնասվածք ունեցող խաղացողներն ամբողջովին ապաքինվեցին:
Բլից հարցեր.
-Պատմության լավագույն ֆուտբոլիստը.
-Ինձ համար նրանք երկուսն են: Չեմ ցանկանում մեկի անունը տալ, քանի որ և՛ Ռոնալդուն, և՛ Մեսսին այլմոլորակայիններ են:
-Պատմության լավագույն մարզիչը.
-Այստեղ արդեն երեքին կնշեմ. Ալեքս Ֆերգյուսոն, Կլոպ, Գվարդիոլա, բայց Ֆերգյուսոնն աներևակայելի մարզիչ էր: Նրա գրքերի շնորհիվ ես շատ եմ ինքնակրթվել:
-Պատմության լավագույն խաղը, որը դիտել եք:
-1999 թ-ի ՉԼ-ի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բավարիա» խաղն էր, երբ 2 րոպեի ընթացքում ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Ես այդպիսի խաղ չեմ հիշում:
-Խաղ, որին կցանկանայիք մասնակցած լինել.
-Երազել եմ խաղալ ՉԼ-ի եզրափակչում:
-Ֆուտբոլիստի կարիերայի մեգավրիպումը.
-Երբ «Միկայի» կազմում մասնակցում էի «Ռաբոտնիչկիի» դեմ խաղին: 2 շատ լավ հնարավորություն փչացրեցի…այդ խաղը երբեք չեմ մոռանա: Եթե հաղթեինք, խաղալու էինք «Լիվերպուլի» դեմ:
-ֆուտբոլիստի կարիերայի ամենաուրախ պահը.
Երբ «Միկայի» հետ դարձանք գավաթակիր»։

-Երազանք, որը չի իրականացել.
-Ես կարծում եմ, որ ինչին արժանի էի, դրան հասել եմ: Ունեցել եմ այն, ինչ պետք է ունենայի:
-Մարզչական կարիերայի երազանքը.
«Գանձասար-Կապանի» հետ տիտղոս նվաճել:
Արմեն Գարամյան