Օրեր առաջ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել էր, որ 11 տարեկան հասակում նրան ու ընկերներին օգնել են Մաքդոնալդսի աշխատակիցները՝ ֆուտբոլիստներին կերակուր տալով: Պորտուգալացին հույս էր հայտնել, որ կկարողանա գտնել այդ աշխատակցին:
Օրեր անց Պաուլա Լեկա անվամբ մի կին պորտուգալական Renascenca ռադիոընկերության հետ զրույցում պատմել է, որ ինքը այն երեք կանանցից է, ով ուտելիք է տվել Ռոնալդուին և մյուս ֆուտբոլիստներին:
Մաքդոնալդսի նախկին աշխատակիցը նշել է, որ մեծ սիրով կընդունի ֆուտբոլիստի՝ միասին ճաշելու հրավերը:
«Նրանք հայտնվում էին ռեստորանի առջև այն ժամանակ, երբ համբուրգերները արդեն գրեթե վերջացած էին լինում: Մենեջերը թույլատրում էր մեզ մնացած ուտելիքը տալ նրանց: Այդ տղաներից մեկը Կրիշտիանու Ռոնալդուն էր: Կարող եմ ասել, որ նա այդ երեքից ամենաամաչկոտն էր:
Եթե նա հրավիրի ճաշի, ես, իհարկե, կգնամ: Առաջին բանը, որը ես կանեմ, դա նրանից շնորհակալություն հայտնելն է մարդկային բարձր որակների և այդ օրերը հիշեցնելու համար»,-Լեկայի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
