«Ալ-Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը հստակորեն որոշել է լքել իր ներկայիս թիմը, սակայն, ամենայն հավանականությամբ, կշարունակի ելույթները Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունայի տեղեկություններով՝ Բենզեման լրջորեն հետաքրքրված է «Ալ-Հիլալ» տեղափոխությամբ։ Չնայած ֆուտբոլիստի ցանկությանը, գործարքը դեռևս հեռու է ավարտին հասցվելուց։
Նշվում է, որ տրանսֆերի իրականացման համար անհրաժեշտ է Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հիմնադրամի (PIF) համաձայնությունը, որը դեռևս «կանաչ լույս» չի վառել 38-ամյա հարձակվողի տեղափոխության համար։
Եթե տեղափոխությունը կայանա, Բենզեման կմիանա առաջնության միանձնյա առաջատարին։ «Ալ-Հիլալը» ներկայումս գլխավորում է Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ իր մոտակա հետապնդողներին՝ «Ալ-Նասրին» և «Ալ-Ահլիին», գերազանցելով երեք միավորով։



























































