«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, որը հիմա վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ֆիորենտինայում», պատմել է՝ ինչպես է բուժվել կորոնավիրուսից։
««Վուլվերհեմփթոնի» իմ շատ ընկերներ զանգում էին ինձ, անհանգստանում առողջությանս համար։ Շնորհակալ եմ նրանց աջակցության համար։ Մարտի սկզբին ինձ մոտ բարձր ջերմություն ու կոկորդի ցավ կար։ Թեսթ արեցի ու հասկացա, որ վարակվել եմ կորոնավիրուսով։
Սկզբում վախեցած էի։ Սա վարակ է, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի, դրա համար էլ ես իսկապես վախենում էի ինձ համար, հարազատներիս ու թիմակիցներիս համար։ Առաջին մի քանի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար սկսեց բարելավվել։ Իսկ երբ բժիշկները կրկնակի թեսթ անցկացրին, որի արդյունքը բացասական էր, ես թեթևություն զգացի, որովհետև այդ մղձավանջն արդեն հետևում էր մնացել։
Հիմա ես ընկերուհուս՝ Ֆրանչեսկայի ու մեր շան՝ Առնոյի հետ իմ՝ Ֆլորենցիայի տանն եմ։ Տանս ոչ մեծ մարզասրահում եմ մարզվում ու փորձում եմ հետևել «Ֆիորենտինայի» դիետոլոգների խորհուրդներին։ Ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում, թերթեր ու գրքեր կարդում, խաղում, երբեմն ուտելիք պատրաստում։ Կարոտում եմ թիմային մարզումներին։ Հուսով եմ՝ հնարավորինս շուտ կվերադառնանք դրանց»,- Կուտրոնեի խոսքերն է փոխանցում The Sun-ը։