Անգլիական «Լիդսի» 5-ամյա երկրպագու Դանիել Օտենը նամակ է գրել «Բրայթոնի» նախագահ Պոլ Բարբերին՝ առաջարկելով գնել իրենց պաշտպան Բեն Ուայթին.
«Սիրելի Պոլ, ես 5 տարեկան եմ և երկրպագում եմ «Լիդսին»: Այս նամակը գրում եմ, որպեսզի պատմեմ ձեր ֆուտբոլիստի մասին, որը վարձավճարով հանդես է գալիս իմ թիմում: Նա իմ սիրելի ֆուտբոլիստն է, նրա անունը Բեն Ուայթ է:
Կարո՞ղ ենք գնել նրան մրցաշրջանի վերջում: Ես հաշվել եմ իմ խնայատուփի ամբողջ գումարը, ես 15.07 ֆունտ ունեմ, եթե դա կօգնի (մոտ 9050 դրամ)»,- գրել է պատանի երկրպագուն:

Ուայթին անցած ամառ են վարձակալել՝ մինչև մրցաշրջանի ավարտը: «Լիդսում» նա անմիջապես դարձավ հիմնական կազմի խաղացող՝ Չեմպիոնշիփում մասնակցելով 37 հանդիպման ու դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: Առաջնությունում հայտարարված դադարից առաջ ակումբն առաջին տեղում էր՝ «Վեսթ Բրովմիչին» գերազանցելով 1 միավորով:
Փոքրիկ երկրպագուն այնքան տպավորված է Բենով, որ պատրաստ է նրա համար իր ամբողջ խնայողությունը տրամադրել:
«Բրայթոնի» նախագահը նրա նամակն անպատասխան չի թողել.
«Շնորհակալ եմ նամակի համար, որում ցանկանում ես օգնել սիրելի ակումբիդ՝ գնել մեր ֆուտբոլիստին: Հիանալի է,որ դու պատրաստ ես քո գումարն առաջարկել ի օգնություն «Լիդսի», և պետք է ասեմ, որ դու լավ ես հասկանում երիտասարդ տաղանդներից: Հնարավոր է՝ սկաուտինգը քո ապագա աշխատանքը կլինի: Մենք մանրակրկտորեն ուսումնասիրել ենք քո առաջարկը և այն դրան արժեր: Բայց մեր մարզիչն ու տեխնիկական տնօրենը Բենին շատ կարևոր խաղացող են համարում. վախենամ՝ մենք այս ամառ չկարողանանք նրան վաճառել «Լիդսին»: Սակայն ևս մեկ անգամ ուզում եմ քեզ շնորհակալությոն հայտնել նամակի համար: Քեզ, քո ընտանիքին և «Լիդսի» աշխատակիցներին ամենալավն ենք մաղթում: Հուսով ենք՝ մենք շուտով նորից ֆուտբոլ կխաղանք»:
Անձամբ Բեն Ուայթը ևս փորձել է կապ հաստատել տղայի ընտանիքի հետ, իսկ «Լիդսի» պաշտոնական «Թվիթերը» տարածել է գրառումը.
Daniel Auton family please get in touch 🙂 https://t.co/rFR7aUcR7M
— Benjamin White (@ben6white) April 19, 2020
«Լիդսի» սեփականատերը՝ իտալացի բիզնեսմեն Անդրեա Ռադրիցանին, գովել է տղային ու արդեն նրան աշխատանք առաջարկել ակումբում. նա 5-ամյա տղային դասերից հետո հրավիրել է իրենց ակումբ՝ օգնելու մարզական տնօրեն Վիկտոր Օրտեին:
Ու նաև խոստացել է բարելավել 15-ֆունտի առաջարկն ու նորից դիմել պարոն Բարբերին:

22-ամյա Ուայթն այս մրցարջանում լիգայի լավագույն պաշտպաններից մեկն է: Նրա տրանսֆերն, իհարկե, մոտ 317 359 անգամ ավելի թանկ արժե, քան տղայի խնայատուփի գումարն էր՝ 5.5 մլն եվրո: Սակայն Դանիելի խիզախությունն ու «Լիդսի» համար ամեն ինչ տալու պատրաստակամությունն ամեն ինչ արժեն: