ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը խոսել է այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսի համաճարակը ազդելու ֆուտբոլի վրա:
«Հիմա կարևոր կլինի ոչ թե միջազգային մրցույթները, այլ ներքինը: Եվ ես շնորհավորում եմ ՈՒԵՖԱ-ին՝ այն բանի համար, որ նրանք պնդում են շարունակել ազգային առաջնությունները և լիգաները: Սա կարևոր է, քանի որ հնարավորության դեպքում մարզադաշտերից հետևում են երկրպագուների մեծ մասը: Բայց նույնիսկ եթե հանդիպումները պետք է անցկացվեն առանց հանդիսականների, առաջնությունները դեռ պետք է խաղարկվեն:
Համոզված եմ, որ համաճարակը կազդի ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոյի գաղափարին՝ Աշխարհի գավաթը 48 թիմերով ընդլայնելու համար: Այժմ այդ մրցաշարում խաղում են 32 հավաքականներ: Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր հետ վերադառնանք, որտեղ գլխավորը ազգային առաջնություններն էին, հետո տարածաշրջանային մրցաշարերը, և միայն դրանից հետո Աշխարհի գավաթը: Ինձ թվում է, որ Աշխարհի գավաթի խաղարկությունում չպետք է ավելացնել թիմերի քանակը. Դա հեշտ չէ:
Արժե՞ արդյոք արագացնել մրցաշրջանների վերսկսումը առանց հանդիսականների խաղերի գնով: Ես դեմ չեմ: Քանի որ ֆուտբոլը պետք է լինի: Առաջին պատճառը՝ ֆուտբոլիստները պետք է աշխատեն, նրանք կվերադառնան իրենց պարտականություններին մի քանի օրից, շաբաթներից կամ ամիսներից: Երկրորդ պատճառը, թե ինչու պետք է վերսկսվեն հանդիպումները նույնիսկ առանց հանդիսականների, այն է, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլը կապված է հեռարձակման եկամուտների հետ: Այսպիսով, չնայած դատարկ տրիբունաներին, հեռարձակվող հանդիպումների իրավունքներից վաստակելու հնարավորությունը կօգնի լիգաներին և ակումբներին գոյատևել»,- մեջբերում է Բլատերին IZ-ն: