«Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտայի հրաժեշտի արարողությունը կկայանա այսօր, իսկ ֆուտբոլիստի հուղարկավորությունը նախատեսված է շաբաթ՝ հուլիսի 5-ին, հայտնում է Daily Mail-ը։
Հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան, որը հանդես էր գալիս «Պենաֆիելի» կազմում, զոհվել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Պարբերականի տվյալներով՝ Ժոտայի և Սիլվայի մարմինները, ինչպես սպասվում է կտեղափոխվեն Իսպանիայի Պուեբլա դե Սանաբրիա քաղաքի հուղարկավորության բյուրոյից։
Հուղարկավորությունը տեղի կունենա Պորտուգալիայի Պորտու քաղաքում, որտեղ Ժոտան անցյալ ամիս ամուսնացել էր իր ընկերուհի Ռուտա Կարդոսոյի հետ, որի հետ հարաբերությունների մեջ էր 2013 թվականից։
Ժոտան «Լիվերպուլի» կազմում հանդես էր գալիս 2020 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 182 խաղ՝ նվաճելով երեք գավաթ։ Մինչ այդ հանդես է եկել նաև «Վուլվերհեմփթոնի», «Պորտուի», «Ատլետիկո Մադրիդի» և «Պասոս դե Ֆերեյրայի» կազմում։