Միլանի «Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դումֆրիսը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ հոլանդացու պայմանագիրը «ներաձուրիի» հետ ներառում է համեմատաբար փոքր՝ 25 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, որը ուժի մեջ է մինչև հուլիսի կեսերը։
Ռոմանոն հավելում է, որ վերջին ամիսներին «Բարսելոնան» հետևում է Դումֆրիսի առաջադիմությանը, սակայն խաղացողի տրանսֆերի շուրջ պաշտոնական բանակցություններ առայժմ չեն եղել։
29-ամյա եզրային պաշտպանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» և «Ինտերի» միջև խաղի գլխավոր հերոսներից մեկն էր։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել է 47 խաղի, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։