«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Ռուսաստանից հնարավոր հեռանալու մասին լուրերն ակտիվացրել են թուրքական մամուլը, որը կրկին շահարկում է նրա՝ Թուրքիա տեղափոխության թեման: Սակայն դեռևս այս տարվա փետրվարին Armsport.am-ին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար և մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը հերքել էր այդ լուրերը՝ նշելով, որ թուրքական ակումբների հետաքրքրությունը Սպերցյանի նկատմամբ ավելի շուտ «վարդագույն երազանք» է, քան իրականություն:
Այսօր թուրքական «Fanatik» պարբերականի լրագրող Ջաներ Իշբեգենդիրենը «Матч ТВ»-ին հայտնել է, որ Էդուարդ Սպերցյանի՝ թուրքական ակումբ տեղափոխվելը Թուրքիայի համար խնդիր չի լինի, սակայն Հայաստանի ազգային հավաքականում նրան կքննադատեն նման քայլի համար:
Ավելի վաղ 25-ամյա կիսապաշտպանը «Матч ТВ»-ին ասել էր, որ ներկայում չի կարող հստակ պատասխանել, թե արդյոք կմնա «Կրասնոդարի» կազմում հաջորդ մրցաշրջանում:
– Ես լսել եմ Սպերցյանի՝ թուրքական առաջնություն հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Վերջերս խոսում էի ռուս գործընկերներիս հետ և ասում էի, որ «Գալաթասարայը» նախ կդիտարկի Եվրոպայի լավագույն 5 առաջնությունները, կան նաև այլ տարբերակներ, օրինակ՝ Գյունդողանը: Ինչպես գիտեք, Սպերցյանը հայ է, և դա մեզ համար խնդիր չէ, բայց նրա հավաքականը կքննադատի նրան այդ քայլի համար, եթե դա տեղի ունենա: Եթե Սպերցյանը ցանկանում է հեռանալ և խաղալ Չեմպիոնների լիգայում, ապա, իհարկե, «Գալաթասարայը» լավագույն ընտրությունն է այդ նպատակի համար, – ասել է Իշբեգենդիրենը «Матч ТВ»-ին:
2024/25 մրցաշրջանում «Կրասնոդարի» սանը թիմի կազմում մասնակցել է 35 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Ուրբաթ օրը Սպերցյանը ճանաչվել է ավարտված մրցաշրջանի ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպան: