Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է երեք խաղացողի հեռանալու մասին, որոնց վարձակալության պայմանագրերն ավարտվել են։
Ակումբից հեռացել է պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, ով «Միլանին» միացել էր 2025 թվականի փետրվարին՝ «Չելսիից»։ Ֆելիշը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 21 հանդիպում, խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Թիմը լքել է նաև իտալացի վինգեր Ռիկարդո Սոտիլը, ով վարձակալությամբ խաղում էր «Միլանում»՝ «Ֆիորենտինայից»։ Սոտիլը մասնակցել է ութ հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Բացի այդ, «Միլանը» հաստատել է անգլիացի պաշտպան Քայլ Ուոքերի հեռացումը։ 35-ամյա ֆուտբոլիստը թիմին միացել էր 2025 թվականի հունվարին՝ «Մանչեսթեր Սիթիից»։ Ուոքերը «Միլանի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ առանց արդյունավետ գործողությունների։
Հիշեցնենք, որ Քայլ Ուոքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում վեց անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Նրա պայմանագիրը «Սիթիի» հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսը։ Ըստ Transfermarkt-ի՝ Ուոքերի շուկայական արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում «Միլանը» Ա Սերիայում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։