«Միլանի» սպորտային տնօրեն Իգլե Տարեն խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի՝ իտալական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Նա նշել է, որ խորվաթ ֆուտբոլիստի գալը կարևոր քայլ կլինի բոլոր կողմերի համար, քանի որ Մոդրիչը վաղուց երկրպագում է «ռոսոներիներին»:
«Ես անձամբ եմ խոսել Լուկայի հետ։ Տեսա մարդու, ով ծարավ է մրցակցության։ Նրա գալը կարևոր նշանակություն կունենա մեր թիմի համար, քանի որ մեզ պետք են նման առաջնորդ հատկանիշներով ֆուտբոլիստներ։ Լուկայի առաջին հարցն էր. «Մենք լինելու՞ ենք թիմ, որը ստեղծված է չեմպիոն դառնալու համար»։ Նա վեց անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և ցանկանում է առաջին օրվանից լինել առանցքային դերակատար։
Նա կարևոր է իր մտածելակերպով, առաջնորդությամբ և պրոֆեսիոնալիզմով։ Այն, որ նա երկրպագում է «Միլանին», այս պատմությունն ավելի գրավիչ է դարձնում», — Տարեի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Միլանը» Սերիա A-ում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը և հեռացրել գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաուին՝ նրա փոխարեն նշանակելով Մասիմիլիանո Ալեգրիին։