Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ադամ Լալանան իր սոցիալական ցանցի էջում հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
37-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Սաութհեմփթոնն» էր, որտեղ նա սկսել էր իր կարիերան։
Ես անչափ շնորհակալ եմ այն բոլոր հնարավորությունների համար, որոնք ինձ տրվել են պրոֆեսիոնալ կարիերայիս ընթացքում։ Ուրախ եմ, որ ներկայացրել եմ աշխարհի մեծագույն ակումբներից մեկը և նրա կազմում հաղթել Չեմպիոնների լիգան։ Անգլիայի հավաքականի յուրաքանչյուր խաղ ինձ համար մեծ նշանակություն է ունեցել, — գրել է Լալանան։
«Լիվերպուլի» կազմում Լալանան մեկական անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։ Անգլիայի հավաքականում նա անցկացրել է 34 հանդիպում և խփել 3 գոլ։